Արմինֆո. Երբ ես ընտրվեցի Հայաստանի վարչապետ, ես հայտարարեցի, որ հրաժարվում եմ միջամտել դատական իշխանության գործերին, ավելին, ես չեմ պատրաստվում նրան կառավարության անունից ցուցումներ տալ։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ հետագայում ակնհայտ դարձավ, որ հասարակությունը շարունակում է դատական իշխանության որոշումների պատասխանատվությունը դնել կառավարության վրա: "Երբ ինչ-որ մեկին ձերբակալում են, դրա համար անմիջապես պատասխանատու է դառնում կառավարությունը։ Կամ, երբ բաց են թողնում կոռուպցիայի մեջ մեղադրվող ինչ-որ անձի, հասարակությունը սկսում է ենթադել, որ կառավարությունը կուլիսային բանակցություններ է վարել։ Երկրում առկա է համատարած անվստահություն դատական իշխանության նկատմամբ, քանի որ Սահմանադրական դատարանը, ուղղակի կամ անուղղակի, մասնակցել է ընտրությունների ժամանակ ժողովրդի կամքի արտահայտման գործընթացի դեֆորմացմանը։ Մարդկանց հայտնի է, որ ՍԴ-ն անկախ չի գործում, այն գործել է իշխանական բուրգի կառուցվածքում։ Մենք խոսում ենք այն մասին, որ անհրաժեշտ է ձևավորել անկախ դատական համակարգ, երբ դատարանը որևէ որոշում է կայացնում, չլինի քննարկում, թե ով, երբ և ում վրա է ճնշում գործադրել դատավորների որոշումները ։ Անհրաժեշտ է ստեղծել իսկապես անկախ դատական իշխանություն", - ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը կարծիք է հայտնել, որ Սահմանադրական դատարանի նկատմամբ վստահություն չկա։ "Այսօր երկրում գոյություն ունի ՍԴ - ն, որը կայացրել է բացառապես կոնյունկտուրային որոշումներ, դատավորները ծառայել են բացառապես կոռուպցիոն իշխանություններին։ Եվ այս ամենը հանրության կողմից դիտարկվում է որպես կառավարության անգործություն", - նշել է նա։ "Մենք խոսում ենք այն մասին, որ պետք է ունենալ անկախ դատարան, այլ ոչ թե մեզնից անկախ դատական համակարգ, որը շարունակում է կախվածության մեջ լինել կոռուպցիոն համակարգից ։ Իսկ դա ակնհայտ է և ապացուցելի փաստերով։ Ըստ ՀՀԿ-ի որոշման, ի հակակշիռ Սահմանադրության, ՍԴ-ն պետք է գործեր հին տրամաբանությամբ", - ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև չի համաձայնել այն տեսակետին, որ առաջիկա հանրաքվեն ցնցում է հանրության համար։ "Սա հին մտածողության արդյունք է, քանի որ այդ ժամանակ "ընտրություններ" եւ "ցնցումներ" բառերը նույնական էին։ Հեղափոխությունից հետո Հայաստանում այս ընտրությունները ցնցումների չեն հանգեցնի", - ընդգծել է Փաշինյանը ։