Արմինֆո. Արդարադատության նախարարությունը կզբաղվի նախկին պաշտոնյաների կողմից տարածքների ապօրինի յուրացման հարցով: Այս մասին խոսվել է կառավարության այսօրվա նիստում:
Վարչապետ Փաշինյանը խոսել է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մասին, որոնց մի մասը անօրինական է, այսինքն, կառուցվել է առանց շինթույլտվության: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: <Պատկերացրեք՝ մարդիկ, որոնք տասնյակ տարիներով պետական պաշտոնյա են եղել ու դեռ մեծ հարցականի տակ է նրանց եկամուտների օրինականության հարցը, նաեւ էդ կասկածելի եկամուտներով դղյակներ են կառուցել` զավթելով համայնքային հողը եւ/կամ առանձնատուն կառուցելով առանց թույլտվության: Դա նշանակում է նաեւ, որ նրանք գույքահարկ չեն վճարել համայնքին, որ խուսափել են այլեւայլ պետական տուրքերից: Դա մեծ հաշվով նշանակում է, որ նրանք խորապես արհամարհել են ոչ միայն ֆորմալ օրինականության պահանջը, այլեւ համայնքի ու երկրի շահերը: Ու էդ աշխարհայացքն ունեցող մարդիկ ամենաբարձր պաշտոններն են զբաղեցրել երկրում տարիներ շարունակ:
Բայց սա դեռ ամենը չէ. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքը, օրինակ, համայնքային հողի վրա ինքնակամ կառույցը օրինականացնելու համար դիմել էր քաղաքապետարան եւ իր համար դրական պատասխան չստանալով՝ փորձել էր դատարանով պարտավորեցնել քաղաքապետարանին՝ օրինականացնել կառույցը>,- գրել է նա:
Նշենք, որ այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանում առանձնատներ, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի: <Օրինակ՝ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին պատկանող, հայտնի մարդկանց առանձնատներն ամբողջությամբ ապօրինի շինարարություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաներն ի՞նչ են արել՝ ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինարարությունների օրինակացման համար, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, և այսօր, օրինակ, Երևանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնել: Պետք է նայել այդ հարցը՝ մենք ինչ խնդիր ունենք լուծելու»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ պաշտոնյաներն ամենահայտնի տեղերում, օրինակ՝ Մոնումենտում կառուցել են տներ՝ աներևակայելի չափերի. «Հիմա եկել, ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր ենք օրինականցնել, ու Երևանի քաղաքապետն ասում է՝ բոլոր իրավաբաններն ասում են, որ այո, պարտավոր ենք օրինականացնել»: Վարչապետ Փաշինյանը հորդորել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այդ խնդիրը քննարկել քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: