Արմինֆո.96 տարեկանում վախճանվել է հայտնի դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը։ Վերպետի մահվան առնչությամբ Facebook-ի իրենց էջերում ցավակցություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ՙԱստված հոգիդ լուսավորի, սիրելի Վարպետ՚, - գրել է վարչապետը:
ՙՍրտի խորը կսկիծով տեղեկացա մեր ժամանակների մեծագույն հայերից մեկի` Երվանդ Մանարյանի կյանքից հեռանալու մասին: Մեզնից հեռացավ ՀՀ լավագույն քաղաքացիներից, լավագույն արվեստագետներից, լավագույն մտավորականներից մեկը: Հանգչիր խաղաղությամբ, ՎԱՐՊԵՏ՚, - գրել է Արարատ Միրզոյանը:
Երվանդ Մանարյանը ծնվել է Արաքում (Իրան) 1924 թ. օգոստոսի 10-ին։ Սովորել է տեղի Հայկազյան դպրոցում, ապա՝ Թեհրանի ամերիկյան և պարսկական քոլեջներում։ 1946թ. ներգաղթել է Հայաստան, սովորել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, որի ռեժիսորական ֆակուլտետն ավարտել է 1952թ.։ Որպես դերասան և ռեժիսոր աշխատել է Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում և Գ.Սունդուկյանի թատրոնում։ 1957-59թթ. եղել է Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ 1959-1961թթ. նույն պաշտոնը վարել է Գորիսի թատրոնում։ Այնուհետև աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։
Գրել է սցենարներ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափ» և այլ ֆիլմերի համար։