Արմինֆո. Բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։ Այս մասին «Առավոտի»-ին հարցազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի նախաձեռնող Արթուր Վանեցյանը՝ խոսելով բանակում հաճախակի դարձած մահվան ելքով ողբերգական դեպքերի մասին:
<Բանակում կորուստների թեման բոլորիցս պահանջում է լինել զուսպ և խնդրին մոտենալ մեծ պատասխանատվությամբ։ Որքան էլ մեծ լինի զգացմունքայնությունը, որքան էլ ծանր լինի վիշտը, ես բոլորին կոչ եմ անում, խնդրում եմ՝ հրապարակային խոսքում տուրք չտալ զգացմունքներին։ Առավել ևս՝ կոչ եմ անում՝ որևէ նեղ անձնական կամ քաղաքական շահի համար չօգտագործել այս թեման։ Ցավոք, նման միտումներ նկատվում են։ Դա ոչ միայն բարոյական չէ, այլև՝ ուղղակիորեն առնչվում է մեր պետության անվտանգությանը>,- նշել է նա:
Ըստ որում, նա վստահություն է հայտնել, որ բանակի ղեկավարությունը տիրապետում է խնդրին և կանի ամեն ինչ։
<Միաժամանակ կցանկանայի նշել այն գլխավոր հանգամանքը, որը պայմանավորում է ներբանակային զարգացումները։ Դա երկրում ստեղծված մթնոլորտն է։ Ասում են՝ բանակը հասարակության հայելին է, բանակում տիրող մթնոլորտն էլ հայելանման արտահայտությունն է հասարակության ներսում տիրող մթնոլորտի։Ճամբարների կիսված, պառակտված, անընդհատ ներքին թշնամիներ փնտրող, արհեստականորեն «հնի» ու «նորի» բաժանվող հասարակության ներքին մթնոլորտը շատ արագ տեղ է գտնում բոլոր համակարգերում, այդ թվում՝ բանակում>,-հայտարարել է նա:
<Վստահաբար, ներբանակային մթնոլորտի վրա վատ է անդրադառնում ապրիլյան պատերազմի հանձնաժողովի գործունեությունը։ Իրական հրամանատարները, լուրջ կադրային սպաներ՝ իրենց լուրջ կենսագրությամբ, այսօր պարտադրված են՝ հաշվետու լինել բանակից, զինված ուժերից պատկերացում չունեցողների առջև։ Սա ևս բանակի ներքին բարոյալքման դանդաղ գործողության ռումբ է։ Կան համակարգեր, որոնց ախտորոշումն ու բուժումը պետք է արվեն՝ առավելագույնս խուսափելով սոցցանցային միջամտություններից։ Լուրջ, համակարգային հիվանդությունները բուժում են նեղ մասնագետների միջոցով, և ոչ՝ ժողովրդական բժշկության։ Քաղհասարակության ներկայացուցիչների հետ, մարդու իրավունքների ոլորտի մասնագետների հետ ներբանակային մթնոլորտի առողջացման ուղղությամբ անընդհատ ու նպատակային աշխատանք պետք է տարվի, բայց՝ ամեն կերպ խուսափելով էժան սոցցանցային ներգրավումից։ Բանակը PR-ի տեղ չէ, այն մեր ողջ երկրի անվտանգության ողնաշարն է։
Հաջորդը. չի կարելի դասալիքներին հնարավորություն տալ՝ մտնել զորամասեր, եթե
նույնիսկ նրանք այսօր նախարար ու պատգամավոր են։ Իրական հրամանատարների, սպայական տարբեր օղակների համար ծայրահեղ դժվար է, երբ զորքի դիմաց կանգնում են բանակից խուսափածները և հերոսության ու հայրենիքին ծառայելու կոչեր անում, դասեր տալիս։ Նման բաներ եղել են նաև նախկինում, և իմ վերաբերմունքը դրա հանդեպ միշտ բացասական է։ Բանակն անձնական PR-ի համար երբեք չի կարելի ծառայեցնել։ Հաջորդ կարևորագույն պահը. չի՛ կարելի արժեզրկել և ուղղորդված արշավ տանել Արցախի գեներալների դեմ, նրանց անվան շուրջ դավադրության տեսություններ հորինել: Պատերազմ հաղթած, խաղաղություն ապահոված, լուրջ կենսագրություն ունեցող անհատներ են նրանցից շատերը, իրական հեղինակություն են վայելում՝ իրական զորքում, իրական զորամասում։ Երբ կոտրում ես այդ հեղինակության ինստիտուտը, առաջանում է սողացող անկառավարելիության վիճակ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Այդպես է բոլոր բանակներում: (Իհարկե բոլոր ոլորտներում, այդ թվում` բանակում, միշտ էլ եղել են և կլինեն անբարեխիղճ կադրեր, սակայն չի կարելի մասնավոր մեկ-երկու դեպքերը ընդհանրացնել ամբողջ համակարգի համար, առավել ևս, երբ խոսքը գնում է մեր բանակի նման կայացած կառույցի մասին)։ Եվ վերջապես՝ ամենացավոտը. չի՛ կարելի սեպ խրել Հայաստանի և Արցախի մեջ. դա միմիայն մեր հակառակորդի երազանքն է։ Այսօր ուս ուսի Հայաստանի և Արցախի բոլոր ծայրերից զինվորներն ու սպաները ապահովում են մեր խաղաղությունը։ Դա մեր ընդհանուր անվտանգության գրավականն է, և սա պարզապես բառեր չեն>,- ասել է Վանեցյանը: