Արմինֆո. Փաշինյան-Ալիև բանավեճը ևս մեկ անգամ ապացուցում է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ չէ որևէ նորմալ, կառուցողական քայլի: ՙՖեյսբուքի՚ իր էջում այդպիսի կարծիք է հայտնել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: ՙԶարմացած ենք, որովհետև պատկերացնում էինք, որ Ալիևը մի քիչ ավելի խորը գիտելիքներ ունի սեփական պատմության վերաբերյալ: Այն, ինչ ինքն ասում է, պրոպագանդայի տակ ընկած 3-րդ դասարանի երեխայի ասած է, խորհուրդ կտամ ավելի լավ նայել իրենց պատմությունը՚, - գրել է Բաբայանը:
Նշենք, որ փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հրապարակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մասնավորապես, սկսելով իր ելույթը և ներկայացնելով իր պատկերացումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների մասին, հերթական անգամ հիշեցրել է Արցախի, իբր, Ադրբեջանին պատմական պատկանելության մասին, հավելելով, թե Արցախի պատկանելությունն Ադրբեջանին ճանաչվել է միջազգային հանրության կողմից, և այն ԱՀ-ի անբաժանելի մասն է ։
Ադրբեջանի ղեկավարը որոշել է նաեւ իր արտահայտություններն ամրապնդել կեղծ պատմական փաստերով, թե ղարաբաղյան խանությունն Ադրբեջանին էր պատկանում դեռեւս 19-րդ դարում, միաժամանակ հավաստիացնելով, թե ՙայդ տարածքներում հայերի բնակվելու մասին ոչ մի հաստատում չկա՚: Ալիևը որոշել է կանգ չառնել վերը նշվածի վրա ՝ արտահայտելով Հայաստանի հանդեպ 20-րդ դարի տարածքային նկրտումները:
Այնուամենայնիվ, որոշելով խորանալ խնդրի էության մեջ, Ալիեւը, մոռանալով, որ հենց ադրբեջանական կողմն է մարտական գործողություններ սկսել Արցախի խաղաղ բնակչության դեմ, Հայաստանին մեղադրել է ագրեսիայի մեջ, հիշեցրել է Խոջալուի ողբերգության, բռնի տեղահանվածների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի մասին: Ընդ որում, նա հերթական անգամ մատնանշել է հակամարտության կարգավորման միակ ճանապարհը, այն է ՝ Արցախի վերադարձը Ադրբեջանի կազմ։