Արմինֆո.Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի աշխատակիցները դադարեցրել են գործադուլը, որը սկսվել է փետրվարի 12-ին: Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է Լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էդուարդ Փահլևանյանը:
Նախօրեին Փահլևանյանը հանդիպում է ունեցել Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են մոտ 50 գործադուլավորների պահանջները: Բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել բավարարել ԼՀԿ բողոքող աշխատողների բոլոր ութ կետերը, որոնք վերաբերում էին աշխատավարձի բարձրացմանը եւ աշխատանքի պայմանների բարելավմանը: Փահլևանյանի խոսքով, ԼՀԿ-ում միջին աշխատավարձը, որը կազմում է 200-250 հազար դրամ, կավելանա 30-40 տոկոսով: <Գործադուլի ավարտը չի նշանակում, որ խնդիր այլևս չկա։ Առջևում աշխատանքային պայմանները առկա նորմերին ու անվտանգության կանոններին համապատասխանեցնելու գործընթացն է> , - նշել է նա։