Արմինֆո. Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, պրոցեսների ընթացքում ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին ՙՖրիդրիխ Էբերտ՚ հիմնադրամում իր ելույթում:
ՙԱյն, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետությունում եկավ՝ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության միջոցով, որը իր ձևով, տեսքով, բովանդակությամբ ճիշտ է շատ նման էր Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած 80-ականների վերջի 90-ականների սկզբի հեղափոխություններին, բայց այնուամենայնիվ այն առանձնահատուկ էր: Եվ ես ուզում եմ ևս մի կարևոր ընդգծում անել, որը նույնպես կարևորագույն փաստ է Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների, պրոցեսների ընթացքում ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել: Մեր քաղաքական թիմի համար սա եղել է սկզբունքային հարց, հեղափոխության ընթացքում մենք թույլ չենք տվել որևէ արտաքին քաղաքական ուժի` ներգրավված լինել այդ ողջ պրոցեսում: Եվ ես սա ի՞նչի համար եմ ընդգծում, ցույց տալու համար, որ այդ պրոցեսները բխել են մեր ժողովրդի մտայնությունից և ցանկությունից, իսկ սա նշանակում է, որ ժողովրդավարությունը, օրենքի և իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը, թափանցիկությունը մեր ժողովրդի մտայնությունից եկող պահանջարկ է և հետևաբար ժողովրդավարությունը Հայաստանում ունի խորը հիմքեր, այն բխում է մեր ժողովրդի ընկալումներից, մենթալիտետից, մշակույթից: Սա ամենակարևոր երաշխիքն է և Հայաստանի Հանրապետությունը այսօր էլ շարունակելու է լինել Ժողովրդավարական պետություն և ես հույս ունեմ, որ մեր բոլոր միջազգային գործընկերները կաջակցեն մեր երկրին ու ժողովրդին այս կարևորագույն գործընթացը շարունակելու և ինստիտուցիոնալ առումով ժոովրդավարությունը Հայաստանում ուժեղացնելու գործում», - հայտարարել է վարչապետը: