Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվիրակության կազմում Գերմանիա ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 13-ին հանդիպել է ԳԴՀ Եվրոպական հարցերով պետնախարար Միխայել Ռոթին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ԱԳՆ մամուլի ծառայությունից, նախարար Մնացականյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ հաստատված գործընկերային հարաբերությունները: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելուն ուղղված համատեղ ծրագրերին և նախաձեռնություններին:
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է Հայաստան-ԵՄ գործընկերության իրավական հենք հանդիսացող փաստաթղթի՝ ՀԸԳՀ-ի դերը՝ ԵՄ և ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունն առաջմղելու գործում: Ընդգծելով, որ Հայաստան-Եվրամիություն գործընկերության հիմնական շահառուն մարդիկ են՝ նախարար Մնացականյանը մեծապես կարևորել է ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի աշխատանքների իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի հանդեպ վստահության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին: Մտքերի փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի լայն շրջանակի շուրջ: