Արմինֆո. Այն պատճառով, որ մենք համաձայն չենք հանրաքվեի վերաբերյալ իշխանության դիրքորոշմանը, մեր դեմ հալածանքներ են սկսվել։ Այդ մասին փետրվարի 14-ին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա նշել է, որ բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն իշխանության տեսակետին, անմիջապես պիտակավորում են։ "Անմիջապես սկսում են ասել, որ տվյալ մարդը ծախված է, նախկին ռեժիմի շահերի ներկայացուցիչ է և այլն։ Չէ որ, ըստ էության, մեր միջև որևէ էական հակասություն կամ վեճ չի եղել, մենք, պարզապես, դրանց հետ չենք համաձայնվել հանրաքվե անցկացնելու հարցում", - ընդգծել է պատգամավորը։
Մարուքյանը հայտարարել է, որ հասարակությունը "սեւերի" եւ "սպիտակների" բաժանելու քաղաքականությունը շարունակվում է։ "Ինձ դուր չի գալիս այն փաստը, որ երկրում շատ ակտիվ տարածվում է ատելության քարոզչությունը ։ Ես կարծում եմ, որ շատ ցածր է պիտակավորել մեկ այլ մարդու միայն այն պատճառով, որ նրա դիրքորոշումները տարբեր են", - նշել է նա։
Խմբակցության ղեկավարը նաև ընդգծել է, որ մշտական հայտարարություններն այն մասին, թե մարդիկ փորձում են հետ խլել հեղափոխության ձեռքբերումները, իրականությանը չեն համապատասխանում: "Հեղափոխության ձեռքբերումները պատկանում են ժողովրդին, և ոչ ոք չի կարող դրանք խլել։ Բայց անընդհատ մարդկանց փողոց կանչել, եթե ինչ-որ բան այնպես չէ, ինչպես ուզում ես, ուղղակի անհեթեթ է", - հայտարարել է պատգամավորը։