Ուրբաթ, 14 Փետրվարի 2020 11:49
Կարինա Մանուկյան

ՀՀԿ-ն սատարում է Հրայր Թովմասյանին

ՀՀԿ-ն սատարում է Հրայր Թովմասյանին

Արմինֆո.Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կրկին արձանագրում է, որ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեն հակասահմանդրական է, հակաիրավական և հակաժողովրդավարական: Այդ մասին ասվում է ՀՀԿ գործադիր մարմնի հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:

 

ՙՀանրաքվե նախաձեռնելու ողջ գործընթացը՝ իր բովանդակությամբ և ընթացակարգով, կոպտորեն հակասում է ՀՀ Սահմանադրությանը և “Ազգային ժողովի կանոնակարգ” սահմանադրական օրենքին, իսկ հարցի քաղաքական ենթատեքստը որևէ աղերս չունի իրավական պետություն կառուցելու և ժողովրդավարությունը ամրապնդելու ուղենիշների հետ: 

 

Այս արկածախնդրության միակ նպատակը հլու-հնազանդ Սահմանադրական դատարան ունենալն է, ինչը ոչ միայն չի լուծելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առջև ծառացած բազմաթիվ իրական խնդիրները, այլև  պետականությունը քանդելու հերթական քայլն է:

 

Հանրաքվեի օրակարգը կործանիչ է: Այն հանրությանն առավել կարևոր խնդիրներից շեղելու և իշխանության արձանագրած ձախողումները թաքցնելու առիթ է:

 

Մենք,  արձանագրելով վերոգրյալը և չցանկանալով մասնակից դառնալ Նիկոլ Փաշինյանի և իր քաղաքական թիմի կողմից հասարակությունը կրկին պառակտելու կործանարար գործընթացին,  հայտարարում ենք մեր որոշումը հակասահմանդրական հանրաքվեի քարոզարշավին  որևէ ձևով չմասնակցելու վերաբերյալ:

 

Միաժամանակ ցավով ահազանգում ենք, որ միջազգային հանրության արձագանքը վկայում է, որ այս գործընթացը հարիր չէ Եվրոպայի Խորհրդի անդամ պետությանը, վնասում է Հայաստանի Հանրապետության միջազգային հեղինակությանը, ինչի հետևանքները ծանր կլինեն երկրի ազգային օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանային մարտահրավերների սրացման համատեքստում, ինչպես նաև թուլացնելու են Հայաստանի դիրքերը Արցախյան բանակցություններում՚, - ասվում է հայտարարությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի