Արմինֆո.«Սիրով Գերմանիայում մեկ անգամ ևս ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Մենք առիթ ունեցել ենք հանդիպելու» և այդ պահից ի վեր մեր երկու երկրների կապերն ավելի ինտենսիվ են դարձել։ Մենք այսօր խոսելու ենք մեր երկկողմ հարաբերությունների խորացման մասին՚, - հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ վարչապետ Փաշինյանի դիմավորման արարողությունից հետո:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Անգելա Մերկելը ԶԼՄ ներկայացուցիչների համար իր հայտարարությունում ասել է.
ՙՀայաստանում ներկայում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։ Մեծ փոփոխություններ են ակնկալվում նաև իրավական համակարգում։ Դա այդքան էլ դյուրին գործընթաց չէ, բայց մենք Հայաստանին ցանկանում ենք հաջողություն այդ քայլերում։
Ինչպես արդեն ասացի, մեր հարաբերություններն ինտենսիվացել են։ Երբ այցելել էի Հայաստան` եղա Թումո կենտրոնում և շատ էի հիացել այդ կենտրոնով։ Մեզ մոտ Թումո կենտրոն բացելու համար ստորագրվել է համաձայնագիր, և այս տարվա աշնանը մենք կկարողանանք Բեռլինում բացել այն։
Նախորդ տարվա հոկտեմբերին մենք ունեցել ենք տնտեսական ֆորում, և այն մի նոր ճյուղ է բացել գերմանահայկական հարաբերություններում։ Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում այն բանի համար, որ Հայաստանն ինտենսիվ մեզ հետ համագործակցում է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությունում։
Հայաստանը Եվրոպական միության հետ է համաձայնագիր ստորագրել, միևնույն ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, և մենք դեռ պետք է երկար աշխատանք տանենք` երկու միությունների համագործակցության համար:
Այսօրվա քննարկման կարևոր հարցերից է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման: Պարոն վարչապետը շարունակելու է իր ուղևորությունը Մյունխեն, շնորհակալ ենք և ուրախ ենք, որ այսօր այստեղ եք»: