Արմինֆո. «Քրեական ենթամշակույթի» դեմ հետևողական պայքարը շարունակվում է՝ հանրային անվտանգության ապահովման նպատակով։
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն իրականացրին Արմավիրի մարզում։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։ Ոստիկանության հայտարարությունում նշվում է, որ քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։
Հիշեցնենք, որ Հայաստանում խստացվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու պատասխանատվության միջոցները։ Հանցավոր խմբավորումներին մասնակցելու համար փաթեթով նախատեսված է 4-8 տարվա ազատազրկում: Օրենսդրական փաթեթը սահմանում է քրեական ենթամշակույթի հասկացությունը եւ պատասխանատվությունը այն դեպքերում, երբ քաղաքացին կամավոր հիմունքներով դառնում է դրա մաս ՝ մտնելով քրեական ուղղվածություն ունեցող այս կամ այն խմբի մեջ։ Քրեական ենթամշակույթ ասելով ենթադրվում է քրեական աստիճաններ եւ միջանձնային հիերարխիկ հարաբերություններ ունեցող անձանց խումբ, որոնք գործում են իրենց իսկ կողմից սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոններին համապատասխան, որոնք չեն համապատասխանում պետության կամ օրենքով սահմանված վարքագծի կանոններին: Այդ խմբերի նպատակն է հանցագործություն կատարելը կամ հանցագործությունը հովանավորելը, քրեական հանցագործության կատարմանը մասնակցելը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ այլ անօրինական գործողությունների հետ կապված հանրային կամ մասնավոր վեճերի կարգավորումը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը: