Արմինֆո.ՙԲազմիցս ենք նշել, որ տարածաշրջանում ժողովրդավար հասարակությունների ձևավորումը և ամրապնդումը բխում են տարածաշրջանային կայունության, զարգացման և բարգավաճման շահերից՚, - հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՙԼեռնային Ղարաբաղի ընտրողների՚ քվեարկության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը:
ՙՄենք ծանոթ ենք ընտրութունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներին։ Ինչպես արձանագրվել է միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցում և դիտորդական առաքելության ղեկավարների գնահատականներում, ընտրություններն ուղեկցվել են համակարգված կոպիտ խախտումներով: Այս անգամ ևս Ադրբեջանն իր ժողովրդավարության ձախողումը, ընտրությունների լեգիտիմության խիստ ցածր մակարդակը փորձում է քողարկել ղարաբաղյան հակամարտությամբ: Ադրբեջանի այն սին և կեղծ պնդումները, որ այս ընտրություններում ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներ, լավագույնս արտացոլում են Ադրբեջանի ժողովրդավարության խեղաթյուրված ընկալումները։ Արցախի ժողովուրդը չի մասնակցել Ադրբեջանի ընտրություններին ո՛չ հիմա և ո՛չ էլ Ադրբեջանի Հանրապետության ողջ պատմության ընթացքում:
Կուզենայինք հիշեցնել, որ Արցախի ժողովուրդն իր ընտրության իրավունքը կիրականացնի իր հայրենիքում մարտի 31-ին՝ հերթական համապետական ընտրություններում, որի ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով ընտրելու է իր ներկայացուցիչներին՝ նախագահին և Ազգային ժողովի պատգամավորներին՚, - հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը: