Արմինֆո. Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանն Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նախագահական ընտրություններին մասնակցելու փաստաթղթերը:
<Օրենքի պահանջի համաձայն՝ այսօր Արցախի պահպանողական կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2020թ. մարտի 31-ին անցկացվելիք համապետական ընտրություններին մասնակցելու համար Հանրապետության նախագահի թեկնածու Դավիթ Կլիմի Բաբայանի գրանցման փաստաթղթերը, ինչպես նաեւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար Արցախի պահպանողական կուսակցության ընտրական ցուցակի գրանցման փաստաթղթերը>,- հայտնել է Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում:
2020թ. մարտի 31 - ին Արցախում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտարարել են, մասնավորապես, Արցախի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը (<Ազատ Հայրենիք> կուսակցություն), ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը (Արցախի ժողովրդավարական կուսակցություն), Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը (<Արդարություն>), Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, մի շարք այլ հասարակական եւ քաղաքական գործիչներ: