Արմինֆո.ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Վրաստանում հանդիպում է ունեցել հայ բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, որոնք Վերին Լարսում ձնաբքի հետևանքով առաջացած խցանման պատճառով արդեն մեկ շաբաթից ավել է կանգ են առել Թբիլիսիի մերձակայքում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին գերատեսչության մամուլի ծառայությունից, նախարար Սուրեն Պապիկյանը և Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը վարորդների հետ զրույցի ընթացքում լսել են նրանց մտահոգությունները, քննարկել աջակցության և իրավիճակը մեղմելու տարբերակներ:
Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ հայ բեռնափոխադրողները կապահովվեն սնունդով և առաջին անհրաժեշտության պարագաներով: -0-
Հավելենք, որ Վրաստանի ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, փետրվարի 12-ի ժամը 09.42 - ի դրությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Նույն տվյալների համաձայն, Ռուսաստանի կողմում 1000-ից ավելի բեռնատարների կուտակումներ են նկատվում։