Արմինֆո. Եվրոպական ժողովրդական կուսակցությունն անդրադարձել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախաձեռնման գործընթացին։ Այս մասին ասվում է կուսակցության թվիթերյան էջում ։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. <Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների նախաձեռնման հապճեպ գործընթացով։ Մենք կոչ ենք անում երկրի իշխանություններին որքան հնարավոր է շուտ դիմել է Վենետիկի հանձնաժողովին և հաշվի առնել վերջինիս կարծիքը>:
Նշենք, որ փետրվարի 10-ին արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հետ: <Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել եմ Սահմանադրության փոփոխության և հանրաքվեի նշանակման հետ կապված վերջին իրադարձություններին։ Փոխանցել եմ նաև հայկական կողմի պատրաստակամությունը դատաիրավական բարեփոխումների ոլորտում Եվրոպայի Խորհրդի և Հանձնաժողովի հետ հետագայում ևս սերտ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ>,- ասել է նախարարը: