Արմինֆո. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը: Փետրվարի 11-ին ԿԸՀ նիստում ընդունված որոշման համաձայն, քարոզարշավը տեղի կունենա փետրվարի 17-ից մինչև ապրիլի 3-ը՝ ներառյալ: Հանրաքվեն, հիշեցնենք, տեղի կունենա ապրիլի 5-ին։
Ինչպես լրագրողներին հաղորդել Է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, "ոչ"-ի քարոզչական կողմը գրանցելու համար յոթ օրվա ընթացքում ԿԸՀ կարող է դիմել ՀՀ ԱԺ ցանկացած պատգամավոր: Եթե մինչեւ փետրվարի 17-ը խորհրդարանականներից որեւէ մեկը գրանցման հայտ չներկայացնի, ապա փետրվարի 18-ից դա կարող է անել քաղաքացիների նախաձեռնող խումբը՝ 50 ստորագրությամբ համապատասխան դիմումի առկայության դեպքում: Ընդ որում, "այո"-ի եւ "ոչ"-ի քարոզչական կողմին կհատկացվի երկու տեղ տեղական ընտրական հանձնաժողովներում:
Ընդհանուր առմամբ, սահմանադրական հանրաքվեի կազմակերպման համար կծախսվի շուրջ 2,5 -2,7 մլրդ դրամ։ Մուկուչյանի խոսքով ՝ որպես դիտորդ կարող են ներգրավվել ինչպես հասարակական կազմակերպությունների, այնպես էլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, նա դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ընտրատեղամասերում տեսախցիկներ կտեղադրվեն՝ ինչպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունների մասին՝ նա ընդգծել է, որ ԿԸՀ-ն ընտրությունները կազմակերպում է օրենքի շրջանակներում, եւ 2018 թվականին՝ նոր իշխանությունների օրոք, կազմակերպվել են Երեւանի ավագանու, ինչպես նաեւ խորհրդարանի ընտրություններ։