Արմինֆո. Երեւանի Մալաթիա - Սեբաստիա համայնքի բնակիչները փետրվարի 10-ին դուրս են եկել բողոքի ակցիայի՝ առարկելով "Հյուսիս-Հարավ" ավտոմոբիլային ճանապարհի կառուցման դեմ: Ակցիայի մասնակիցների կարծիքով, ճանապարհի կառուցումը, անկասկած, պետք է իր դրական դերը խաղա երկրի զարգացման գործում, բայց չի կարելի ճանապարհն անցկացնել բնակելի տների մոտ:
Բացի այդ, աշխատանքները սահմանափակում են բնակիչների տեղաշարժը, սպառնալիք ստեղծում երեխաների համար: "Հետաքրքիր է, թե ով է նախագծել ճանապարհը տվյալ հատվածում", - վրդովվել են բողոքի ակցիայի մասնակիցները, պնդելով, որ մայրուղին պետք է կառուցվի շենքերից մի փոքր հեռու։
Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանության աշխատակիցները, որոնք նաև ապահովում են շինարարական աշխատանքների իրականացման անվտանգությունը:
2017 թվականի փետրվարին Հայաստանի խորհրդարանը վավերացրել է Ասիական զարգացման բանկի հետ 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված 112,97 մլն դոլարի վարկային համաձայնագիրը Երեւանում շրջանցիկ մայրուղիների կառուցման շուրջ, որոնք թույլ կտան բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնը:
Վարկը տրամադրվել է "Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի" երկրորդ մասի շրջանակներում: Կառուցվող մայրուղիները թույլ կտան բեռնաթափել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները, ինչպես նաեւ հիմնական մայրուղիները միացնել "Հյուսիս-Հարավ" միջանցքին: Առաջին տրանշի շրջանակում նախատեսվում էր ճանապարհների արդիականացում Երևանի Արշակունյաց - Բագրատունյաց փողոցների խաչմերուկից դեպի Նորագավիթ տանող ճանապարհահատվածում՝ շարունակելով դեպի Արտաշատի խճուղի և միացնելով "Հյուսիս-Հարավ"մայրուղին:
Երկրորդ տրանշը նախատեսվում է, մասնավորապես, երկարացնել Նորագավիթից մինչև Արգավանդ - Շիրակի փողոցների խաչմերուկ, այնտեղից մինչև Բաբաջանյան փողոցներ դեպի Մալաթիա - Սեբաստիա, ընդհուպ մինչև Աշտարակի խճուղի, և երրորդ ուղղությունը ՝ Դավթաշենի կամրջից մինչև Աշտարակի խճուղի: