Արմինֆո.Վերջին 10 օրերի ընթացքում Չինաստանից Հայաստան է վերադարձել մոտ 200 ՀՀ քաղաքացի։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը հաղորդել է ՀՀ ԱԳՆ Հյուսիս - արևելյան Ասիայի երկրների բաժնի պետ Մնացական Սաֆարյանը։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ հանդես էր եկել հայտարարությամբ և կոչ արել ՉԺՀ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին մշտական կապ պահպանել նախարարության և դեսպանատան հետ: Սաֆարյանի խոսքով, այս տեղեկատվությանը փետրվարի 3-ի դրությամբ արձագանքել է մոտ 600 ՀՀ քաղաքացի, որոնց տվյալները գրանցվել են ՀՀ դեսպանության կողմից: "Դեսպանատունը ՀՀ քաղաքացիներին տրամադրում է նաև ՉԺՀ իշխանությունների կողմից պաշտոնապես տրամադրվող ծանուցումներ ՝ Չինաստանի տարածքում բնակվող օտարերկրացիներին վերաբերող։ Այս փուլում կարանտինի շրջանից դուրս գտնվող անձանց տարհանում չի իրականացվում", - տեղեկացրել է նա։
Նրա հավաստմամբ, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը եւ ՀՀ ԱԳՆ-ն ամփոփում են Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիներին վերաբերող հարցերի շրջանակը, սակայն բախվում են վերջին օրերին տրանսպորտային եւ այլ խնդիրների հետ կապված դժվարությունների: ԱԳՆ ներկայացուցիչը նաև հաղորդել է, որ այս պահին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկություն չի ստացել ՀՀ քաղաքացիների շրջանում վարակվածների մասին:
Նշենք, որ Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի վերջին տվյալներով, փետրվարի 4-ի դրությամբ երկրում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակով վարակման 20438 դեպք: Այս վիրուսից մահացությունների թիվը Չինաստանում հասել է 425-ի։ Հանձնաժողովը հայտարարել է, որ վարակման 2788 դեպք լուրջ է։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առնչությամբ Հայաստանը մինչեւ մարտի 31-ը դադարեցրել է Չինաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմը։