Արմինֆո. Հունվարի 31-ին Երեւանում տեղի ունեցավ <Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն> ՊՈԱԿ-ի լաբորատորիայի բացման արարողությունը:
2017 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարության որոշմամբ լաբորատորիայի կարիքների համար հատկացվել է 539 քմ ընդհանուր մակերեսով տարածք: Նախագծի իրականացման համար հայկական կողմը հատկացրել է 73 մլն դրամ, եւս շուրջ 400 հազար եվրո ԵՄ կողմից ուղղվել լաբորատորիայի վերանորոգման եւ տեխնիկական վերազինման, ինչպես նաեւ անձնակազմի վերապատրաստման համար: Վերանորոգման եւ տեխնիկական վերազինման շնորհիվ լաբորատորիայում կիրականացվի ժամանակակից մեթոդներով ջրի անալիզ, ինչը թույլ կտա հայտնաբերել աղտոտող նյութերի կոնցենտրացիան՝ նույնիսկ աննշան մակարդակում: Լաբորատորիայի ստեղծման աշխատանքներն իրականացվել են <Եվրոպական միության ջրային նախաձեռնություն պլյուս Արևելյան գործընկերության երկրների համար>ծրագրի շրջանակներում: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, ժամանակակից սարքավորումները, որոնցով հագեցած է լաբորատորիան, կօգնեն բարձրացնել ջրային ռեսուրսների և մթնոլորտային օդի մոնիթորինգի ճշգրտությունն ու արդյունավետությունը, ինչն առանցքային դեր է խաղում էկոլոգիական իրավիճակի վերլուծության գործում: Ընդ որում, նախարարը նշել է, որ աղտոտման մակարդակի մասին տեղեկատվությունը հասանելի կլինի քաղաքացիների համար: Մասնավորապես, աշխատանքներ են տարվում համապատասխան բջջային հավելվածի ստեղծման ուղղությամբ։ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն իր հերթին նշել է, որ էկոլոգիան եվրոպական քաղաքականության գերակա ուղղություններից է: Նա նաև չի բացառել, որ ծրագրի շրջանակներում կարող են իրականացվել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնմանն ուղղված նախագծեր: