Արմինֆո.Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարության հետ կապված՝ գործ ունենք ֆենոմենի հետ, երբ մարդիկ կարդում են միայն հոդվածների վերնագրերը, հունվարի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ պատասխանելով հարցին, թե ում նկատի ուներ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՝ խոսելով այն մասին, որ երկրում պետական հեղաշրջման փորձ է կատարվել ։
Նրա խոսքով ՝ Արմեն Գրիգորյանը նման հայտարարություն չի արել։ <Ես կարծում եմ, որ այս հարցը պետք է հստակեցվի։ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը կարելի է ընկալել՝ որպես հիբրիդային հեղաշրջման փորձ։ Այդ գործընթացը ջախջախված է: Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով հիբրիդային գործընթացը: Այս գործընթացի անբաժանելի մասերից մեկն այն է, որ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվում ՀՀ վարչապետի, նրա ընտանիքի անդամների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասին ապատեղեկատվություն տարածելու համար>,-ընդգծել է Փաշինյանը ։
Նա նշել է, որ այս ամենն արվում է քրեական աշխարհի ներկայացուցիչներին, կոռումպացված անձանց ներգրավմամբ և այլն: <Ինչու է այս գործընթացում տեղավորվում հեղաշրջում հասկացությունը։ Քանի որ այս գործընթացին մասնակցում են նաև գործող պաշտոնյաներ, ովքեր գտնվելով կառավարությունում ՝ գործում են իշխանությունների դեմ։ Եվ այդ գործընթացին մասնակցում են նաև նախկին իշխանության ներկայացուցիչները, դատական համակարգի որոշակի ներկայացուցիչներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ, կոնկրետ պաշտոն օկուպացրած որոշ պաշտոնյաներ, որոնք փորձել են Սահմանադրական դատարանի մյուս անդամներին նույնպես ներգրավել էդ պրոցեսի մեջ, բայց ես ուրախ եմ արձանագրել, որ կարծես թե ՍԴ անդամների 80 տոկոսը այդ պրոցեսի մեջ չի ներգրավվել>,-ընդգծել է վարչապետը՝ չնշելով անուններ:
Փաշինյանի խոսքով՝ երբ որ բավարար ապացույցները լինեն մարդիկ կենթարկվեն քրեական պատասխանատվության: <Նպատակն այն է, որ ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները չեզոքացվեն>- ասել է վարչապետը։