Արմինֆո. Իրանը 1979 թվականին եւ Իրանը 2020 թվին միանգամայն տարբեր իրողություններ են: ԱրմԻնֆո-ին այդպիիս կրածիք է հայտնել "Աշխարհ" ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, անվտանգության ոլորտի փորձագետ Հրաչյա Արզումանյանը։
"Պետք է նշել, որ Իրանում պարբերական հանրահավաքներն ու բողոքի ցույցերը լուրջ ախտանիշ է, որն, ամեն ինչից զատ, պայմանավորված է սերնդափոխությամբ։ Իսլամական հեղափոխությունից հետո անցած 40 տարիների ընթացքում աճել է փոփոխություն պահանջող երկրորդ սերունդը։ Այդ առումով, խոցված ուկրաինական ինքնաթիռը հերթական ձգան է ծառայել Իրանի հասարակության կողմից վերջին տարիներին կուտակված հակակառավարական տրամադրությունները արտահայտելու համար", - ընդգծել է նա։
Այս լույսի ներքո՝ Արզումանյանը հիշեցրել է 2019 թվականին Իրանում քաղաքական համակարգի փոփոխության պահանջով տեղի ունեցած բողոքի բազմաթիվ ցույցերի մասին, որոնց ընթացքում եղել են զոհեր: Գնահատելով այդ համակարգը ՝ փորձագետը, նշելով դրա կայունությունը, ենթադրել է, որ, ամենայն հավանականությամբ, իշխանությունն այս անգամ էլ կկարողանա դիմակայել բողոքի ակցիաներին ու կեղծիքի և կոռումպացված լինելու մեղադրանքներին։ Այնուամենայնիվ, Թեհրանը, նրա գնահատականներով, պետք է հետեւություններ անի եւ ձեռնամուխ լինի քաղաքական բարեփոխումների՝ Իրանը սրընթաց փոփոխվող տարածաշրջանին եւ աշխարհին հարմարեցնելու նպատգակով:
"Վերջին տասնամյակների ընթացքում կատարելով տնտեսական, տեխնոլոգիական թռիչք՝ Իրանը մի քանի դար թուլությունից հետո վերադարձել է միջազգային ասպարեզ՝ որպես ինքնուրույն խաղացող։ Առաջին հերթին, Թեհրանը վերականգնել է Մերձավոր արեւելքում ուժի տարածաշրջանային կենտրոնի իր դերը։ Այդուհանդերձ, դա չի վերացնում տարածաշրջանում եւ միջազգային հարաբերություններում Իրանի իշխանությունների նոր իրողություններին հարմարվելու անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում՝ նրանք ստիպված կլինեն հեռանալ, ինչպես հեռացավ այդպես էլ իրադրության փոփոխությանը չհարմարված ԽՍՀՄ-ը", - կարծում է փորձագետը։
Արզումանյանը բնական է համարում, որ ԱՄՆ-ը ձգտում է օգտագործել ներքին դժգոհությունն Իրանում իշխանությունը տապալելու համար։ Ընդ որում, նա չի կարծում, որ երկրում բողոքի ակցիաները կարող են կազմակերպված լինել Վաշինգտոնից։
Վերջինս միայն փորձում է Իրանի իրադրությունն օգտագործել սեփական նպատակների համար։ Ամեն դեպքում, փորձագետը համոզված է երկրի իշխանությունների կողմից դժգոհության խորքային պատճառների լուծման անհրաժեշտության մեջ։ Նրա գնահատմամբ՝ միայն իշխանությունների համարժեք արձագանքը թույլ կտա իրանական պետականությունը հարմարեցնել իրանական հասարակության իրողություններին եւ 21-րդ դարի իրողություններին: