Արմինֆո.Հայաստանի միավորը 35-ից բարձրացել է 42-ի, ինչի արդյունքում մեր դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով և 2018թ.-ին գրանցված 105-րդ տեղից բարձրացել ենք մինչև 77-րդ տեղը։
ՙՍա ոչ միայն նշանակում է, որ մենք լուրջ և տեսանելի արդյունքներ ենք գրանցել համակարգային կոռուպցիայի հաղթահարման գործում, այլ նաև այն, որ տեղացի գործարարների և օտարերկրյա ներդրողների համար ստեղծել ենք առավել բարենպաստ և կոռուպցիայից ազատ #բիզնես միջավայր։ Այս ուղղությամբ իրականացվող ինտենսիվ աշխատանքների արդյունքում ակնկալում ենք, որ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը կլինի տարածաշրջանում՚, - ամփոփել է Տիգրան Ավինյանը:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլը», այսպես կոչված, կոռուպցիայի ընկալման ինդեքսը կազմում է փորձագետների եւ գործարարների հարցումների հիման վրա, որոնք ամեն տարի ամբողջ աշխարհում անցկացնում են տարբեր միջազգային կազմակերպություններ: Դրանց թվում են Համաշխարհային բանկը, ամերիկյան Freedom House-ը եւ Global Insight-ը, գերմանական Bertelsmann հիմնադրամը, բրիտանական Economist Intelligence Unit-ը, Շվեյցարիայի բիզնեսի զարգացման միջազգային ինստիտուտը եւ այլն: Այս ուսումնասիրությունները վերլուծում են առանձին ասպեկտներ' ներդրումային ռիսկերը, խոսքի ազատությունը, կենսամակարդակը, բայց այսպես թե այնպես շոշափում են կոռուպցիայի հարցերը:
Առավելագույն 100 կամ, նույնիսկ, 90 միավոր հավաքած երկրներ հետազոտությունը չի հայտնաբերել։ Լավագույն արդյունքներն, ավանդաբար, ցույց են տվել Նոր Զելանդիան, Դանիան (87 միավոր), Ֆինլանդիան (86), Շվեյցարիան, Սինգապուրն ու Շվեդիան (85): Կոռուպցիայի առումով առավել "մաքուր" երկրների տասնյակում են նաև Նորվեգիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը և Գերմանիան։ Վարկանշային աղյուսակը եզրափակում են Սոմալին (9 միավոր), Հարավային Սուդանը (12) եւ Սիրիան (13): Հետխորհրդային երկրներից Ռուսաստանը հավաքել է 28 միավոր, Էստոնիան՝ 74 միավոր, Լիտվան՝ 60 միավոր, Լատվիան եւ Վրաստանը՝ 56-ական միավոր, Բելառուսը՝ 45 միավոր, Ղազախստանը՝ 34 միավոր, Մոլդովան՝ 32 միավոր, Ադրբեջանը, Ղրղզստանը եւ Ուկրաինան՝ 30-ական միավոր, Տաջիկստանը, Ուզբեկստանը՝ 25-ական, Թուրքմենստանը՝ 19 միավոր:
Այս տարի «Թրանսփարենսի Ինթերնեշնլը» ինդեքսը կազմելիս վերլուծել է նաեւ յուրաքանչյուր երկրում կոռուպցիայի ընկալման եւ քաղաքական ամբողջականության կապը։ Խոսքն այն մասին է, թե քաղաքական համակարգը որքանով է շահագրգիռ անձանց ազդեցության տակ և որքանով է այն հաշվի առնում բոլոր հնարավոր հասարակական դերակատարների կարծիքը։ Կազմակերպությունում եկել են այն եզրակացության, որ կոռուպցիայի ընկալման ինդեքսի լավ ցուցանիշները բնորոշ են այն երկրներին, որտեղ գործում են ընտրարշավների ֆինանսավորման ավելի խիստ կանոններ եւ լայնորեն կիրառվում են քաղաքական խորհրդակցությունները հասարակության եւ բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ: Վատ ցուցանիշները բնորոշ են այն երկրներին, որտեղ ՙքաղաքական որոշումների կայացման գործընթացում ներգրավված չեն քաղաքականության, հասարակության եւ բիզնեսի կարեւորագույն ներկայացուցիչները՚: