Չորեքշաբթի, 22 Հունվարի 2020 18:05
Աննա Ուլանովսկայա

Երևանի բնակիչների կեսից ավելին չի աշխատում իր մասնագիտությամբ

Երևանի բնակիչների կեսից ավելին չի աշխատում իր մասնագիտությամբ

Արմինֆո. <Դուք աշխատո՞ւմ եք Ձեր մասնագիտությամբ>։ Career Development ծրագրի շրջանակում Բրեվիսի հետազոտություններն այս հարցի շուրջ պարզել են, որ մեր կյանքի բոլոր բնագավառներում և հասարակության բոլոր շերտերում էապես դրսևորվում են ճիշտ մասնագիտություն չընտրելու հետևանքները։ Դրանցից ամենախոսունն այն է, որ Երևանում հարցվածների 51.1%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ։

 

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ սեփական մասնագիտությունից առավելապես հեռացել են միջին մասնագիտական (64.8%)  և անավարտ համալսարանական (76.0%) կրթություն ստացած մարդիկ: Իսկ բարձրագույն կրթություն ունեցողների դեպքում պատկերն ավելի հուսադրող է․նրանց միայն 40․1%-ն է, որ չի աշխատում իր մասնագիտությամբ։

 

Իրենց մասնագիտությամբ չաշխատողների տարիքային սանդղակում ամենամեծաթիվը 36-50 տարեկաններն են։ Այս հանգամանքը, հավանաբար, կապված է անկախանալու և դրան հաջորդող տարիներին մեր երկրում նոր պահանջների և անկայուն տնտեսական դաշտի հետ։

 

Ուսումնասիրել ենք նաև մարդկանց աշխատանքային զբաղվածության բաշխվածությունն՝ ըստ տնտեսության բնագավառների և ստացել հետևյալ պատկերը․ մասնավոր հատվածում աշխատողներն ամենաշատն են՝ 61․9%, պետական հատվածը ծածկում են 35․1%-ը, իսկ մնացած մասը կազմում են միջազգային կազմակերպություններում աշխատողներն ու հասարակական գործունեությամբ զբաղվողները։

 

Համաձայն հարցումների արդյունքների՝ իգական սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են կատարում պետական աշխատանք (42․0%), քան տղամարդիկ (28․0%)։ 

 

Բրեվիսը զբաղվում է հանրային կարծիքի հետազոտությամբ և հաղորդակցության խորհրդատվությամբ` օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին ստեղծել, գնահատել, զարգացնել ու դրական հեղինակություն ձևավորել իրենց կերպարի ու բրենդի շուրջ։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի