Արմինֆո. Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը մարտահրավեր է Հայաստանի համար, սպառնալիք է նրա ազգային անվտանգությանը։ Այս մասին հունվարի 22-ին ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե միջազգային իրավունքը պարտավորեցնում է, որ Թուրքիան չխոչընդոտի Հայաստանի մուտքը դեպի ծով:
Ինչպես ընդգծել է նախարարը, ՄԱԿ-ի շրջանակներում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ բաղկացած է աշխարհի ավելի քան 30 երկրների ներկայացուցիչներից, որն
աշխատում է այդ ուղղությամբ։ Սակայն, Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունը թույլ չի տալիս իրացնել միջազգային պայմանագրերի դրույթները։ <Սա ազգային անվտանգության օրակարգի ամենասուր հարցերից մեկն է>, - ասել է Զոհրաբ Մնացականյանը: Նա նշել է, որ հայկական կողմը ջանքեր է գործադրում իրավական դաշտում հարցի լուծման ուղղությամբ։ Նախարարը չի բացառել իրավական հարցերով փոխնախարարի պաշտոնի ստեղծումը, ով կզբաղվեր նման հարցերով: Առավել ևս, որ իրավական դաշտում հարցի լուծումը պետք է համադրել քաղաքական բաղադրիչի հետ և համապատասխան հաշվարկներ կատարել կոնկրետ գործողությունների իրականացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ դեռ 2011 թվականին Հայաստանը ստորագրել է «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հիմնահարցերով զբաղվող վերլուծական կենտրոն հիմնելու մասին» բազմակողմ համաձայնագիրը: Համաձայնագրով նախատեսվում է ստեղծել վերլուծական կենտրոն դեպի ծով ելք չունեցող երկրների` միջազգային առևտրին առավել ակտիվ ներգրավվելու հնարավորությունների ուսումնասիրումը, նրանց առջև ծառացած խնդիրների քննարկման ու դրանց լուծման համար անհրաժեշտ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն տրամադրելու գործընթացներին նպաստումը ՄԱԿ-ի հետ շարունակական համագործակցության միջոցով: Սակայն, ելնելով իրավիճակի զարգացումից՝ կարելի է եզրակացնել, որ այդ աշխատանքի արդյունքները ցանկալի արդյունք չեն տվել ։