Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ:
Նշելով, որ Հայաստանն ուշադրությամբ հետևում է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ընթացող զարգացումներին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը կարևորում է բարեկամ Իրաքի, այդ թվում՝ Իրաքյան Քուրդիստանի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և երկու երկրների դինամիկ հարաբերությունների համատեքստում շարունակելու է ակտիվացնել ու խորացնել կապերը նաև անմիջականորեն Իրաքյան Քուրդիստանի հետ։ Որպես դրան նպաստող կարևոր գործոն՝ Հայաստանի նախագահը նշել է հայերի ներկայությունը, որոնք, ապրելով Իրաքյան Քուրդիստանում, իրենց նպաստն են բերում նրա զարգացմանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, հնարավոր համագործակցության ոլորտներ են դիտարկվել տեղեկատվական տեխնոլոգիաները, ստեղծագործ կրթությունը, զբոսաշրջությունը, էլեկտրոնային կառավարումը։ Հայաստանի նախագահը նշել է, որ հայկական կողմը պատրաստակամ է տրամադրել իր փորձը էլեկտրոնային կառավարման ոլորտում։
Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումից բացի որպես համագործակցության ոլորտ զրուցակիցները հեռանկարային են համարել բարձրագույն կրթությունը, այդ թվում՝ Հայաստանի համալսարաններում Իրաքից, մասնավորապես՝ Իրաքյան Քուրդիստանից ուսանողներին ուսանումը։