Արմինֆո. Հանրապետության հրապարակում ամանորյա միջոցառումների անցկացման համար 271 մլն դրամ ներդնելով՝ հաջողվել է ապահովել 9,307 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառություն։ Այս մասին Faceebok-ի իր էջում "Զրույց քաղաքացու հետ" ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ շատերը թերահավատորեն են վերաբերվել 2019 թվականի դեկտեմբերի 28-ից մինչեւ 2020 թվականի հունվարի 6-ն ընկած ժամանակահատվածում ամանորյա միջոցառումների անցկացման համար 271 մլն դրամ ուղղորդելու գաղափարին ՝ աննպատակահարմար գտնելով կառավարության այդ քայլը: Սակայն, նախորդ տարվա համեմատ 9,307 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառությունը հակառակն է վկայում։ Ավելին, ըստ ամենահամեստ գնահատականների, նշված 9,307 մլրդ դրամից ավելի քան 325 մլն դրամը պետական բյուջե մուտքագրվելու է հարկերի տեսքով։ Այդպիսով, շարունակել է կառավարության ղեկավարը, ներդնելով 271 մլն դրամ, պետությունը ոչ միայն կվերադարձնի այդ միջոցները, այլեւ լրացուցիչ եկամուտ կստանա։ Նա նաև արձանագրել է, որ 9,307 մլրդ դրամի հավելյալ դրամաշրջանառությունից ավելի քան 4 մլրդ դրամ բաժին ընկել երկրի մարզերին։ Իսկ դա, ինչպես նկատել է Նիկոլը
Փաշինյանը, վկայում է այն մասին, որ զբոսաշրջիկները եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչները ժամանակ են անցկացրել ոչ միայն Հայաստանի մայրաքաղաքում, այլեւ մարզերում։ Վարչապետը նաև համոզմունք է հայտնել, որ պետական ներդրումներից կարողացել են օգտվել փոքր կրպակները, տաքսու վարորդները, փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները։ Նման միջոցառումների անցկացումը, ինչպես նշել է վարչապետը, հնարավորություն է տալիս երկրի քաղաքացիներին աշխատանքի տեղավորվել և լուծել իրենց խնդիրները։