Երկուշաբթի, 20 Հունվարի 2020 19:16
Մարիաննա Մկրտչյան

Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները

Հայկական պատվիրակության հանդիպումները Լոնդոնում. քննարկվել են բարեփոխումների մարտահրավերները

Արմինֆո. Համաշխարհային կրթական համաժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում կատարած այցի շրջանակում Բրիտանական խորհրդում հայկական պատվիրակությունն այսօր հանդիպել է Միացյալ Թագավորության կրթության նախկին նախարար Չարլզ Քլարկին:

 

Վերջինը ներկայացրել է բրիտանական կրթական համակարգը և բարեփոխումների մարտահրավերները: Մասնավորապես, խոսվել է նախադպրոցական կրթության բարեփոխման անհրաժեշտության, միասնական համակարգ ստեղծելու, ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմներ մշակելու մասին:

 

Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում դասավանդման որակի և պրակտիկայի բարելավման միտումներին վերաբերող մի շարք հարցեր: Արձանագրվել է, որ հետազոտության որակի բարելավման շեշտադրումներին զուգահեռ, պետք է միջոցներ ձեռնարկել դասավանդողների մեթոդաբանական հմտությունների զարգացման ուղղությամբ:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև կրթական համակարգերի բարեփոխման օրակարգում ներառված ոչ ֆորմալ կրթության, համացանցում հասանելի առցանց կրթական ծրագրերի կարևորությանը` գործատու և կրթական հաստատություն համագործակցության համատեքստում:

 

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը Միացյալ Թագավորության կրթության պետական նախարար Դամիան Հայնդզի հրավերով մեկնել են Լոնդոն՝ հունվարի 20-22-ը մասնակցելու Համաշխարհային կրթական ֆորումին:

 

2013 թվականից ի վեր Համաշխարհային կրթական ֆորումը կրթության նախարարների մասնակցությամբ իրականացվող աշխարհի խոշորագույն ամենամյա հավաքներից մեկն է: Այս տարի ֆորումին մասնակցում է շուրջ 95 երկրի ավելի քան 1260 պատվիրակություն։

ՀՀ ԿԳՄՍ նախարարը համաժողովում կներկայացնի Հայաստանի կրթական համակարգի ձեռքբերումները:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի