Արմինֆո. ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում է հափշտակության երևույթները և զինված ուժերում մշտապես աշխատանքներ են իրականացվում նման դեպքերը բացառելու և մեղավորներին օրենքի սահմանված կարգով խստագույնս պատժելու ուղղությամբ։
Այդ մասին «Արմենպրես»-ին տրամադրված գրավոր պատասխանում նշել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն՝ անդրադառնալով ՀՀ ՊՆ N զորամասի մի խումբ զինծառայողների կողմից ավիավառելիքի հափշտակության դեպքի վերաբերյալ տեղեկատվությանը։
ՙՄիևնույն ժամանակ, հորդորում եմ բոլորին մինչև նախաքննության ավարտը և դատարանի վճռի առկայությունը զերծ մնալ թվեր հրապարակելուց. որպես կանոն՝ դատական գործընթացի ավարտից հետո այլ պատկեր է լինում»,- նշել է նա։
Հունվարի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել 85 տոննա ավիավառելիքի հափշտակման դեպքի բացահայտման մասին, որում ասվում էր. ՙՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ի թիվս այլ գործառույթների, ՀՀ զինված ուժերի մարտունակությունը և մարտական պատրաստությունը պահպանելիս հրամանատարությանն աջակցելու օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ՝ նախնական համաձայնությամբ և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, 2019 թ. հուլիսից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հափշտակել և վաճառել են իրենց վստահված՝ զորամասի պլանային ուսումնական թռիչքների իրականացման համար հատկացված, առանձնապես խոշոր չափերով՝ 40 միլիոն ՀՀ դրամից ավելի արժեքով, մոտ 85 տոննա ավիավառելիքը։ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո, հերթական անգամ 640 լիտր ավիավառելիքը զորամասի տարածքից դուրս հանելիս և գնորդին հանձնելիս, նրանց հանցավոր գործողությունը խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից, առձեռն բռնված հանցագործություն կատարած անձինք խոստովանել են կատարած հանցագործությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, այն ըստ քննչական ենթակայության քննելու նպատակով փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե՚։