Արմինֆո. Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:
Ավելի վաղ ԱԻն-ը հաղորդել էր, որ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 և արևելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) և Շիրակամուտ բնակավայրերում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաև Ջաջուռ և Աշոցք գյուղերում:
ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երկրաշարժը Ջավախքի սեյսմաակտիվ ընդարձակման գոտում է, որին բնորոշ են մեծ քանակությամբ թույլ սեյսմիկ ցնցումներ, իսկ միջին ուժգնության երկրաշարժերից հետո լինում են բազմաթիվ հետցնցումներ։Ուստի, հունվարի 18-ին գրանցված երկրաշարժը և դրան հաջորդած հետցնցումներն արտառոց չեն Ջավախքի գոտու համար և չեն կարող դառնալ խուճապի պատճառ։ ՙԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունն իրականացնում է շուրջօրյա հերթապահություն և սեյսմիկ իրավիճակի մշտադիտարկում, պարբերաբար գնահատում ընթացիկ սեյսմիկ վտանգը ՀՀ և ԱՀ տարածքներում։ Թուլացող հետցնցումները ցույց են տալիս, որ սեյսմիկ ակտիվությունը նվազում է՚, - ասվում է հաղորդագրությունում: