Արմինֆո. ՌԴ վարչապետի և կառավարության փոփոխությունը, ի թիվս այլ բաների, պայմանավորված է աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ցնցումներով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
"Այդպիսով Մոսկվայում փորձում են տեղավորվել ընդհանուր աշխարհաքաղաքական համատեքստում ՝ փորձելով հետ չմնալ տարածաշրջանում իրադարձությունների զարգացումից։ Ընդհանուր առմամբ, կառավարության հրաժարականն, առաջին հերթին, պայմանավորված է հանրային պահանջով և ունի քաղաքական ու տնտեսական ենթատեքստ։ Պետք է հասկանալ, որ եւս մի քանի տարի՝ եւ հանրահավաքները երկրում կարող են վերաճել ավելի մեծ ինչ-որ բանի՝ հաշվի առնելով դրանց մասնակցող քաղաքացիների թիվը", - ընդգծել է նա։
Ընդ որում, փորձագետը Ռուսաստանում չի ակնկալում հերթական "արաբական գարուն"։ Նրա գնահատմամբ՝ առայժմ չկան դրա համար անհրաժեշտ նախադրյալներ, մասնավորապես՝ հանրային պահանջ։ Ռուսաստանում, ընդ որում, ըստ Վերանյանի, արդեն կան հասարակական լայն շերտեր, որոնց պահանջները բավարարման կարիք ունեն։
Նույնիսկ՝ քաղաքական էլիտան, ֆինանսական կապիտալն իր շուրջ մոբիլիզացնելու նախագահ Պուտինի ունակության պայմաններում այսօր Մոսկվան, ըստ փորձագետի, փորձում է դիմել "փափուկ ուժի" ՝ ժողովրդական դժգոհությունը մեղմելու նպատակով։ Երկրի ղեկավարությունը քաջ գիտակցում է Ռուսաստանում սոցիալ-տնտեսական խնդիրների ողջ լրջությունը։
"Ողջ երկիրը Պուտինի ձեռքում է։ Եւ ով էլ որ պաշտոնապես գա նրա տեղը, այդ մեկը նրա նկատմամբ լոյալություն կդրսևորի: Հասկանալի է, որ իշխանության կենտրոնացումը մեկ մարդու շուրջ տասնամյակներ շարունակ անհնար է, փոփոխություններն անխուսափելի են, ինչը շատ լավ գիտակցում են և Պուտինը և նրա շրջապատը", - նշել է նա:
Այս լույսի ներքո՝ փորձագետը ենթադրում է, որ Պուտինը կփորձի իրեն փոխարինող գտնել՝ ի դեմս մի մարդու, որը պատրաստ է նման լոյալություն ցուցաբերել իր նկատմամբ։ Հակառակ դեպքում, առաջին դեմքի փոփոխությունը լուրջ ցնցումների կհանգեցնի ոչ միայն Ռուսաստանում, այլև աշխարհում, հաշվի առնելով բավականին լուրջ դերը, որը շարունակում է խաղալ Ռուսաստանը միջազգային հարաբերություններում։
Դմիտրի Մեդվեդեւը հունվարի 15-ին կառավարության նիստում նախագահ Պուտինի ներկայությամբ հայտարարել է իր կաբինետի հրաժարականի մասին: Պուտինը շնորհակալություն է հայտնել արդեն նախկին կառավարությանը աշխատանքի համար ՝ հայտնելով Մեդվեդեւին Ռուսաստանի Անվտանգության խորհրդում իր տեղակալ նշանակելու մտադրության մասին: Կառավարության մյուս անդամների ճակատագրի մասին չի հաղորդվում։ ՌԴ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը։ Նրա թեկնածությունը, որը ներկայացրել է Նախագահ Պուտինը, Պետդուման հաստատել է հունվարի 16-ին: Միշուստինը ԴՀԾ-ն գլխավորել է 2010-ի ապրիլից ։ Մեկուկես ամիս անց նա կդառնա 54 տարեկան։