Արմինֆո.Երևանի Հանրապետության հրապարակի տակ գտնվող հին քաղաքը կարող է դառնալ զբոսաշրջային կենտրոն։ Հունվարի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել հնագետ Ֆրինա Բաբայանը, ով 2003 թվականին մասնակցել է քաղաքի պեղումներին։
Հիշեցնենք, որ ստորգետնյա քաղաքը հայտնաբերվել է 2003 թվականին հրապարակի վերակառուցման ժամանակ։ Նույն թվականին գտածոն կոնսերվացվել է, լցվել ավազով և ծածկվել ասֆալտի շերտով։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել էր, որ ընթացիկ տարում կսկսվեն այդ պատմական օբյեկտի բացման և յուրօրինակ թանգարանային օբյեկտի վերածման աշխատանքները:
Բաբայանը նշել է, որ հինավուրց քաղաքն իսկապես հետաքրքրություն է ներկայացնում պատմության և ճարտարապետության տեսանկյունից: Այնտեղ հայտնաբերվել են XVI-XVIIդդ. վերաբերող նկուղային շինություններ՝ չորս մետր խորությամբ, որոնք կառուցվել են կարմիր և սև տուֆից։
Նրա խոսքով՝ տուֆի օգտագործման փաստը, ինչպես նաեւ 4-5 սմ հաստությամբ սվաղի առկայությունը շինարարական տեխնիկայի հետաքրքիր օրինակ են: Փորձագետը պարզաբանել է, որ նշված ժամանակահատվածում նկուղային շինությունները եղել են բնակելի սենյակներ։ Դրանով կարելի է բացատրել նաեւ հայտնաբերված շինություններում պատուհանների առկայությունը, որոնք ունեցել են որոշակի թեքություն, ինչը թույլ է տալիս արևի ճառագայթների ներթափանցում:
Բաբայանի խոսքով ՝ այդ պատուհանների կառուցվածքը նման է հայկական եկեղեցիների պատուհաններին։ 1679 թվականին Երևանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որը հիմնովին ավերել է շինությունները։ Պահպանվել են միայն նկուղային շինությունները, որոնք էլ հայտնաբերվել են 2003 թվականին։ Բաբայանը տեղեկացրել է, որ 17 տարի առաջ բացված պատմական շերտը գտնվում է նախկին ԱԳՆ շենքից ուղիղ դեպի կառավարության շենքի աշտարակը, և պատմական շերտի բացումը չի խանգարի Հանրապետության հրապարակի տրանսպորտային հոսքերին։ Միևնույն ժամանակ, հնագետը նկատել է, որ հին Երեւանի այդ հատվածի բացման նախագիծը զբոսաշրջային նպատակներով պետք է քննարկվի փորձագետների հետ: Մասնավորապես, անհրաժեշտ է հասկանալ, թե արդյոք ՝ կարելի է ցանկացողներին թույլ տալ իջնել ներքև՝ անմիջապես պատմական շինությունների մոտ, թե ավելի նպատակահարմար կլինի այդ հատվածը փակել ապակու շերտով։
Ամեն դեպքում, նրա կարծիքով, հնագույն քաղաքը կարող է չափազանց հետաքրքիր լինել ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղի բնակիչների համար։