Արմինֆո. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար թեկնածության հայտեր ներկայացնելու գործընթացը մեկնարկած է: Այդ մասին ՙՖեյսբուքի՚ իր էջում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա հիշեցրել է, որ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությանը համապատասխան, մրցութային ընթացակարգով ընդգրկվելու են նաև վեց իրավաբան գիտնական և հասարակական կազմակերպությունների երկու ներկայացուցիչ:
Ավելի վաղ Բադասյանը հաղորդել էր, որ 2020 թվականի փետրվարին կձեւավորվի մասնագիտական խումբ, որը կզբաղվի սահմանադրական բարեփոխումների մշակման հարցերով: "Տվյալների հավաքագրման մասնագիտական խումբն ինքն է որոշելու այն ուղղությունները, որոնցում անհրաժեշտ են բարեփոխումներ, եւ գործելու է ապաքաղաքական", - ասել էր Բադասյանը, ընդգծելով, որ դա նաև թույլ կտա լուծել սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի խնդիրը: Սակայն, ինչպես նշել էր նախարարը, կնախատեսվեն պարտադիր փոփոխություններ, մասնավորապես, Բարձրագույն դատական խորհրդի ակտերը վիճարկելու հնարավորություն։ "Երկրում բացասական փորձ կար, երբ գործող իշխանությունն ինքնուրույն էր որոշում, թե ինչ պետք է փոխվի և ինչի համար։ Մենք նույն ճանապարհով չենք գնա, մենք հնարավորություն կտանք, որպեսզի մասնագիտական հանրությունն ինքնուրույն որոշի այն նախաձեռնությունները, որոնք իրենք անհրաժեշտ են համարում փոխել", - ընդգծել էր Բադասյանը։
Հիշեցնենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շուրջ հանրաքվե անցկացվել է 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։