Ուրբաթ, 10 Հունվարի 2020 12:43
Ասյա Բալայան

Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով

Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով

Արմինֆո. Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով և երաժշտական կոլեկտիվին ընդունել է աննախադեպ ջերմությամբ:

 

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, վերջին օրերին նվագախումբը  10 համերգով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարբեր քաղաքներում էր: Կոլեկտիվի՝ չինական առաջին շրջագայությունն անցել է մեծ հաջողությամբ:

 

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը շեշտում է՝ շրջագայությունն անցացվել է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում:

 

ՙԽաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից մինչև Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտ, Մոցարտի Կլարնետի կոնցերտից (մենակատար՝ Թոնի Շեն) մինչև Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ». 10 համերգը շրջանակում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ չինացի ունկնդրին ներկայացվել են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ինքնատիպ գործերը:  «Եվ որ հատկապես կարևոր է՝ համերգներին հնչել է հայ կոմպոզիտորների գրված երաժշտությունը: Որպես Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ ազգային արժեք ներկայացնող կոլեկտիվ, մեզ համար կարևոր է տարածել հայ երաժշտությունն ամբողջ աշխարհում՝ այդպիսով ապահովելով նաև մեր երաժշտության հանրահռչակումը»,-նշում է Արման Պադարյանը՝ հավելելով, որ կոլեկտիվը չինական բոլոր քաղաքներում աննախադեպ ընդունելության է արժանացել:  Չինաստանում կայացած հյուրախաղերը կազմակերպվել էին Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության՝ ի դեմս ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, և այլ բարերարների աջակցությամբ:  Այս հյուրախաղերի կազմակերպումը հայ-չինական բարեկամության ամրապնդմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ էր, որն, անկասկած, կունենա իր հետագա շարունակությունը՚, - ասվում է հաղորդագրությունում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     



Մեկնաբանվողներ
Փնտրել ըստ օրերի