Արմինֆո. Ամանորին ընդառաջ Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով` ներկայացնելով առաջնային շուկայից հիփոթեքային վարկավորման (https://estate.ameriabank.am/home) հարթակը, որտեղ ներկայացված են Բանկի հետ համագործակցող կառուցապատողների առաջարկները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, հարթակը հնարավորություն է տալիս գտնել անշարժ գույք` համաձայն վարկի ամսական մարումների գումարի կամ անշարժ գույքի գնի` թույլ տալով ֆիլտրել գույքն ըստ տեսակի, տարածքի, սենյակների թվի և այլ չափանիշների:
Հարթակն ունի բազմաբնույթ հնարավորություններ: Փնտրելով իրենց նախընտրելի անշարժ գույքն այս հարթակից` այցելուները հնարավորություն կունենան տեսնելու առաջնային շուկայի բնակարանները և առանձնատները մեկ վայրում և տարբեր չափանիշների հիման վրա կատարել ընտրություն օնլայն տարբերակով: Ավելին` ընտրելով գույքը հարթակից՝ այցելուն կարող է Բանկին ներկայացնել վարկի վերաբերյալ հետաքրքրվածության օնլայն հայտ, որից հետո Բանկից կապ կհաստատվի այցելուի հետ և ընդամենը 1 աշխատանքային օրվա ընթացքում կներկայացվեն վարկավորման մանրամասները: Օնլայն հայտի շնորհիվ ընտրված անշարժ գույքը նախնական կամրագրվի:
Հարթակի առավելություններից է նաև պարզ վարկային հաշվիչների առկայությունը: Առաջին հաշվիչի միջոցով այցելուները կարող են նախնական պատկերացում ստանալ, թե ինչ գումարի վարկի համար դիմել` նշելով իրենց /առկայության դեպքում համավարկառուի/ զուտ ամսական եկամտի ու առկա վարկային մարումների չափը: Երկրորդ հաշվիչի օգնությամբ հնարավոր է հաշվարկել վարկի ամսական մարումների չափը` ելնելով գույքի գնից, կանխավճարից և վարկավորման պայմաններից /ժամկետ և տոկոսադրույք/:
Կայքում այցելուները կարող են տեսնել ամբողջական ինֆորմացիա կառուցապատողների մասին՝ իրենց կոնտակտային տվյալներով, ինչպես նաև ծանոթանալ հիփոթեքային վարկավորման մանրամասներին՝ այցելելով պայմանների էջ: