Արմինֆո. Լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելը կամ դրան ոչ իրավաչափ միջամտելն անթույլատրելի է՝ անկախ որևէ մեկի համակրանքից կամ հակակրանքից: Այդ մասին հայտարարել է
մարդու իրավունքների պաշտպանն Արման Թաթոյանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի անդամների նկատմամբ արձանագրված վերաբերմունքի առնչությամբ: Ինչպես նշված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարության տեքստում, լրագրողը կամ լրատվամիջոցի որևէ այլ ներկայացուցիչ, պարզապես, կատարում են իրենց մասնագիտական աշխատանքը։
ՙՆրանք այդ կերպ ապահովում են մեզնից յուրաքանչյուրի, ողջ հանրության տեղեկացված լինելու իրավունքը: Նրանց այդ աշխատանքը պաշտպանված է մեր երկրի Սահմանադրությամբ ու օրենքներով: Մարդու իրավունքների պաշտպանը խիստ դատապարտելի ու մտահոգիչ է համարում «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագրի նկարահանող խմբի անդամների նկատմամբ այսօր արձանագրված վերաբերմունքը: Քաղաքացիական որևէ ակցիա իրականացնելիս կամ որևէ հարցի առնչությամբ բողոք արտահայտելիս պետք է գործել օրենքին հանահունչ, հարգել այլոց իրավունքներն ու արժանապատվությունը և չխոչընդոտել այլոց մասնագիտական աշխատանքը՚, - ասվում է ՄԻՊ հայտարարությունում:
Նշենք, որ դեկտեմբերի 24-ին Հովտաշատ գյուղում մի քանի անձ հարձակվել են "Կենտրոն" հեռուստաընկերության լրագրողների վրա եւ կոտրել տեսախցիկը: Նկարահանող խումբը եկել էր լուսաբանելու ձկնաբուծական տնտեսության տարածքում ծագած կոնֆլիկտային իրավիճակը։ Լրագրողների վրա հարձակված մարդիկ ներկայացել են որպես Հովտաշատ գյուղի բնակիչներ։ Հեռուստաընկերության ներկայացուցիչները միջադեպի վերաբերյալ հայտարարություն են գրել։ Տուժածների մասին չի հաղորդվում։