Արմինֆո. 2020 թվականի սկզբին կորոշվեն ղազախական նավթի և նավթամթերքի՝ Հայաստան արտահանման ծավալները։ Այս մասին երկրի ղեկավարի ուղերձի և հանձնարարականի կատարման ընթացքի վերաբերյալ ՂՀ Էներգետիկայի նախարարության զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է էներգետիկայի փոխնախարար Ասեթ Մագաուովը, հայտնում է zakon.kz-ի թղթակիցը: < ԵԱՏՄ պայմանագրով նախատեսվում է, որ նավթի և նավթամթերքների մատակարարումները կարգավորվում են երկկողմ համաձայնագրերի հիման վրա:
Սկզբունքորեն մեր մոտեցումները Բելառուսի, Հայաստանի, Ղրղզստանի մեր գործընկերների նկատմամբ նույնական են։ Մենք պնդում ենք, որ նավթամթերքների կամ նավթի մատակարարման ժամանակ մեր արտադրանքի հետագա վերաարտահանումը փակվի։ Որպեսզի այդ մատակարարումներն ապահովեն միայն մեր գործընկերների ներքին կարիքները։ Ներկայումս ծավալների վերաբերյալ ընթացակարգեր են ընթանում>, - ասել է Մագաուովը։ Ծավալները, փոխնախարարի խոսքով, նախատեսվելու են ինդիկատիվ (կանխատեսվող) հաշվեկշիռներով, որոնք ստորագրվում են յուրաքանչյուր տարվա համար:
<Իհարկե, պահանջարկները կարող են մեծ լինել, բայց մենք առաջնորդվելու ենք ներքին հաշվեկշռով՝ ինչ ավելցուկ ունենք, արդյոք բավարար ռեսուրսներ ունենք նավթ մատակարարելու համար։ Ծավալների շուրջ դեռ վաղ է խոսելը>, - հավելել է նա ։
Ըստ ընթացակարգի ՝ այն բանից հետո, երբ նախարարությունը ստորագրում է համաձայնագիրը, շահագրգիռ գերատեսչություններում ընթանում է համաձայնեցման գործընթաց։ Դրանք ներպետական ընթացակարգեր են։ Համաձայնագիրն անցնում է գիտաիրավական փորձաքննություն, ԱԳՆ-ի հետ լրացուցիչ համաձայնեցում: Այս ամենը կտևի շուրջ մեկ ամիս:
Ի դեպ, առավել ակտիվ աշխատանք է տարվում Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։ <Հայկական կողմը համաձայնագրի տեքստի վերաբերյալ մեր բոլոր առաջարկներն ընդունել է։ Ամեն բան իրենց հետ համաձայնեցնելուց հետո համաձայնագիրն ուղարկվել է ներպետական ընթացակարգերի։ Անհամաձայնություններ կան գերատեսչությունների, մասնավորապես` Ղազախստանի ֆինանսների նախարարության ու Առևտրի և ինտեգրացիայի նախարարության միջև. վերջիններս տարբեր մոտեցումներ ունեն առանձին ձևակերպումների առնրությամբ>,- ասել է փոխնախարարը։ Նախատեսվում է բոլոր հարցերը լուծել հաջորդ շաբաթ խորհրդակցության ժամանակ։ Եվ հաջորդ տարվա հունվարին Ղազախստանը կկարողանա դառնալ Հայաստան նավթ և նավթամթերք արտահանող երկիր: