Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է "Բարգավաճ Հայաստան" կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի այն հայտարարություններին, թե իշխանությունները միայն իր օբյեկտներն են ստուգում ։
Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իրեն պատկանող բիզնես-կառույցներում ստուգումները ձգձգվում են: Նրա խոսքով ՝ ինքը դեմ չէ ստուգումներին։ Բայց դրա համար կան որոշ կանոններ, և միայն իրեն չպետք է ստուգեն: <Հեղափոխությունից հետո ինչ է փոխվել, եթե նորից պետք է ստուգեն միայն Ծառուկյանին>, - ասել է նա: Ծառուկյանը հիշեցրել է, որ իրեն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք էլ ստուգել են հարկային մարմինները ։
ՊԵԿ փոխնախագահի խոսքով ՝ համալիր հարկային ստուգումներն իրականացվում են մի շարք հանգամանքների բերումով եւ ըստ նախնական պլանի: <Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավարի այն հայտարարություններին, թե ստուգումներ են իրականացվում միայն իր մոտ, ապա ասեմ, որ տարբեր բիզնեսներ ունեցող տնտեսվարող սուբյեկտները, հատկապես, եթե խոշոր հարկատուներ են, տրամաբանական է, որ իրենց մոտ ստուգումներն ավելի հաճախակի բնույթ են կրում>, - պարզաբանել է նա: