Արմինֆո. Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները որևէ փաստաթղթի շուրջ չեն ընթանում։ Այս մասին դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աննա Նաղդալյանը ՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, թե բանակցություններ են ընթանում <Լավրովի պլանի> շուրջ ։
<Հայաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում հստակ ներկայացվել է, և վերջին անգամ Բրատիսլավայում։ Ադրբեջանի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո ունեցած ծավալուն, ընդարձակ ելույթում ԱԳ նախարարը նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է․ ինքնորոշման իրավունքը, որը պետք է իրացվի առանց սահմանափակման և հարկադրման: Առանց սահմանափակման ասելով՝ մենք ի նկատի ունենք, որ Արցախի ժողովուրդը կարող է որոշել ինքնորոշման ցանկացած տարբերակ, այն է. Արցախի ժողովուրդն իրավունք ունի պահպանել և սահմանել իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, իրավասությունից և տարածքային ամբողջականությունից դուրս:
Այն բոլոր առաջարկները կամ մեկնաբանությունները, որոնք չեն ապահովում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը, չեն կարող ընդունելի լինել Հայաստանի համար։
Ինչ վերաբերում է անվտանգության վերաբերյալ ձևակերպումներին, այն, որ Հայաստանը հստակորեն չի սահմանում անվտանգության վերաբերյալ իր մոտեցումները, նշեմ, որ Ադրբեջանը երեսուն տարուց ավել ձգվող իր հայատյաց քաղաքականությամբ փաստել է, որ որևէ պարագայում չի կարող ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը: Ես պարզապես մեկ օրինակ բերեմ․ վերջերս Ադրբեջանի նախագահը մեղադրում էր հայերին Սումգայիթի հակահայկական ջարդերի կազմակերպման և իրականացման մեջ: Նման միջավայրում անգամ ավելորդ է դիտարկել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի անվտանգության երաշխավորման հնարավորությունը: Սա իրողություն է, որը գեղեցիկ ձևակերպումներով պարզապես հնարավոր չէ քողարկել:
Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորողն է, և Արցախի անվտանգություննըենթակա չէ զիջման: Չի կարող լինել որևէ իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մնա առանց պաշտպանության համար անհրաժեշտ անվտանգության գծերի: Եվ այս հանգամանքին նախարարը հանգամանալից անդրադարձել է Բրատիսլավայի իր ելույթում: Ադրբեջանական կողմը կա՛մ ընկալումների հետ կապված որոշակի խնդիրներ ունի, կա՛մ պարզապես չի ցանկանում ընկալել. բայց երևի թե այս պարագայում կարող եմ վստահորեն ասել, որ իրենք բավականին լավ ընկալում են անվտանգության այն բոլոր դիտարկումները, որոնք հայկական կողմը ներկայացնում է, պարզապես ձևացնում են, որպեսզի կարողանան արդարացնել իրենց առավելապաշտական դիրքորոշումը այս հարցում:
Ինձ որևէ այլ բան չի մնում, քան ևս մեկ անգամ կրկնելու, որ Արցախի և Հայաստանի պարագայում սպառնալիքի լեզուն չի գործելու։ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորման հիմնական պատճառը Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումն է, և դրա հիման վրա որևէ առաջընթաց պարզապես բացառվում է:
Ինչ վերաբերում է՝ ինչ փաստաթուղթ է քննարկվում, մենք բազմիցս ենք նշել, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում>,- ասել է Նաղդալյանը: