Արմինֆո. ԱՄՆ Սենատը չորրորդ փորձից միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ թիվ 150 բանաձևը, որը նախաձեռնել եւ ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Թեդ Քրուզը: Նախորդ երեք փորձերը հաջողությամբ չէին պսակվել, քանի որ մյուս սենատորները արգելափակել էին բանաձևը՝ Սպիտակ տան վարչակազմի խնդրանքով:
Ի լրումն Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հիշողության՝ բանաձեւը նաեւ մերժում է ԱՄՆ կառավարությանը ցեղասպանության ժխտման գործընթացում ներգրավելու որևէ փորձեր:
"Մենք հենց նոր ընդունեցինք հայոց ցեղասպանության մասին բանաձևը։ Տեղին է եւ ճիշտ, որ Սենատը ,միեւնույն ժամանակ, գտնվում է պատմության ճիշտ կողմում", - հայտարարել է սենատոր Մենենդեսը՝ ելույթ ունենալով Սենատում:
Սենատոր Թեդ Քրուզը, իր հերթին, նշել է, որ իրենք արդեն երրորդ շաբաթն է, ինչ հանդես են գալիս Սենատի նիստերի դահլիճում՝ ձգտելով ընդունել այդ բանաձևը: "Շնորհակալ եմ, որ այսօր մենք հաջողության հասանք։ Սա ճշմարտության պահ է, որը չափազանց երկար ենք սպասել", - ասել է Քրուզը ։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ձայների մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև ։ Թուրքիան այն ժամանակ քննադատեց Կոնգրեսի ստորին պալատի այդ քայլը, ընդգծելով, որ մերժում է այդ փաստաթուղթը ։