Արմինֆո. Ադրբեջանն արդեն ավելի քան երկու տարի, փաստորեն, զրկված է Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում կրակելու հնարավորությունից: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը։
"Մինչդեռ, նախկինում Բաքուն բավականին լավ քաղաքական դիվիդենտներ էր ստանում նման ռազմական խաղերից։ Սակայն ԵԱՀԿ նախարարների հանդիպման ժամանակ համապատասխան մեխանիզմներ ներդնելու մասին Հայաստանի պաշտոնապես հնչեցված պահանջն արդիականություն հաղորդեց ադրբեջանական կողմի յուրաքանչյուր կրակոցի։ Որպես արդյունք՝ Բաքուն ստիպված պաշտպանական դիրք է գրավել", -
ընդգծել է նա։
Այս լույսի ներքո, ըստ վերլուծաբանի, բանակցային գործընթացում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ արդեն վաղուց անգամ Բաքվի համաձայնությունը չեն հարցնում վերոհիշյալ մեխանիզմների կիրառման համար։ Նման իրավիճակը Ադրբեջանին շատ բարդ դրության մեջ է դրել, քանի որ տվյալ դեպքում խոսքը, նույնիսկ, ոչ այնքան սահմանի իրավիճակի տեխնիկական վերահսկողության, որքան բանակցային գործընթացի բուն բովանդակության փոփոխությունների մասին է։
Այսպիսով, Սարգսյանի գնահատմամբ, հենց "ռազմական դիվանագիտության" հետագա կիրառման անհնարինությունն է Բաքվին դրել այնպիսի իրավիճակում, երբ նա չի կարող ոչ կրակել, ոչ էլ բանակցություններ վարել։ Որպես արդյունք ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ին այլ բան չի մնում, քան Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպման նախօրեին Հայաստանին ու համանախագահներին ներկայացնել անբովանդակ փաստաթուղթ։
Դեկտեմբերի 3-ին, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների Բրատիսլավայի հանդիպման մեկնարկից բառացիորեն ժամեր առաջ, Ավստրիայում, Սլովակիայում եւ Սլովենիայում Ադրբեջանի դեսպանությունները Twitter-ի միկրոբլոգում տարածել էին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, որում ասվում էր, թե "հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության լիակատար հարգման դեպքում":
"Այսօր միջնորդները փորձում են Բաքվին հասկացնել, որ իր առաջարկներն ընդհանուր ոչինչ չունեն բանակցությունների հետ։ Ադրբեջանն, ի պատասխան, պարզապես, հրաժարվում է ընդունել կողմերին առաջարկվող բանակցային օրակարգը։ Ընդ որում, ցուցադրելով սեփական մերժմանը որևէ բացատրություն տալու լիակատար անկարողությունը։ Այս լույսի ներքո՝ շատ կարևոր է թվում, թե ինչ պատասխան կհնչի Բաքվից և արդյոք, ընդհանրապես, կհնչի ", - ամփոփել է ՌԱՀՀԿ տնօրենը։
Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ ԱԳՆԽ շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ թվով հինգերորդ հանդիպումը: Հանդիպման արդյունքում, որը տեւել է 3,5 ժամ, նախարարները պայմանավորվել են հերթական հանդիպումն անցկացնել հաջորդ տարվա սկզբին: