Արմինֆո. "Դիզելային գործի" շրջանակներում Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքը սկիզբն է միայն, և այդ մեղադրանքին, ամենայն հավանականությամբ, կհետեւեն մյուսները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Ասպարեզ" լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
"Անկեղծ ասած, ես սպասում էի նման ելքի։ Սակայն, ես ավելի շուտ ենթադրում էի, որ Սարգսյանին մեղադրանք կառաջադրվի 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործություններին նրա գործուն մասնակցության համար։ Ինչևէ, ես որոշ կողմնակալությամբ եմ վերաբերվում ԱԱԾ և Հատուկ քննչական ծառայության որոշ աշխատակիցների՝ որպես մարդկանց, ովքեր ժամանակին անվերապահորեն ծառայել են Սերժ Սարգսյանին", - նշել է նա։
Այս լույսի ներքո՝ լյուստրացիայի, ԱԱԾ և ՀՔԾ խոր զտման բացակայության պայմաններում Բարսեղյանը ռիսկեր է տեսնում Սարգսյանին մեղսագրվող առկա և ապագա քրեական գործերի քննության գործում նրանց գործունեության արդյունավետության մասով։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի ՝ մոտ 500 մլն դրամի յուրացում կազմակերպելու համար: Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 - րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանրության համար վտանգավոր արարք: Խոսքը 2013 թվականին կառավարության կողմից հաստատված գարնանային գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար դիզելային վառելիքի առավել մատչելի ձեռքբերման պետական ծրագրի մասին է։ Քննության տվյալներով ՝ Սարգսյանը, գերազանցելով պաշտոնեական լիազորությունները, նպաստել է FlashLtd ընկերությունից ավելի բարձր գներով դիզվառելիքի գնմանը։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Մեկնաբանելով Հանրապետական կուսակցությունից հնչող մեղադրանքներն այն մասին, թե տվյալ քրեական գործով իշխանությունները փորձում են լռեցնել Ս.Սարգսյանին և կանխել իրենց դեմ ուղղված նրա արտաքին քաղաքական գործունեությունը, իրավապաշտպանը անբովանդակ է որակել Զագրեբում ԵԺԿ համաժողովում նախկին նախագահի ելույթը: Նրա գնահատմամբ՝ այսօր Սերժ Սարգսյանին ոչինչ չի խանգարում մամուլի ասուլիս հրավիրել Հայաստանում և պատասխանել իրեն տրված բոլոր հարցերին։