Արմինֆո.Այսօր Մանկավարժական համալսարանում բացվել է չինական մշակույթի կենտրոն: Հանդիսավոր բացմանը ներկա էր ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:
ՀՊՄՀ-ի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ վերջին տարիներին արդյունավետ համագործակցություն է հաստատվել Մանկավարժականի և Չինաստանի մի շարք բուհերի միջև: Ռեկտորն առանձնակի կարևորել է բուհի Օտար լեզուների ֆակուլտետում և Հիմնական դպրոցում չինարենը որպես երկրորդ օտար լեզու ուսուցանվելու հանգամանքը:
ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Մանկավարժականում չինական մշակույթի կենտրոնի բացման առթիվ և մաղթեց հաջողություններ:
«Մենք շատ ուրախ ենք կենտրոնի բացման առիթով, որը տեղի է ունենում այն ժամանակներում, երբ Չինաստանն ու Հայաստանը զարգացնում են իրենց հարաբերությունները տարբեր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, կրթական և այլն: Ես կարծում եմ, որ համագործակցությունը շատ կարևոր է հատկապես երկու երկրների երիտասարդների համար»,-նշել է դեսպանն ու հույս հայտնել, որ կենտրոնի բացումը ևս կնպաստի համագործակցության ամրապնդմանը:
ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սերգո Երիցյանը տարբեր տարիներին առիթ ունեցել է հետևելու հայ-չինական հարաբերությունների զարգացմանը: Նրա կարծիքով՝ կենտրոնի բացումը կարևոր իրադարձություն և լուրջ քայլ է հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանն անդրադարձել է դեռևս վաղ ժամանակներից սկիզբ առնող հայ-չինական հարաբերություններին, երբ հայկական որդան կարմիրով էին պատում չինական մետաքսները, իսկ 12-13–րդ դարերի մատյաններում կան էջեր, որտեղ առկա են չինական մանրանկարչության ոճավորումներ: Արա Հակոբյանի կարծիքով՝ չինական կենտրոնի բացումը կնպաստի չինական արվեստի հանդեպ նոր մշակույթի ձևավորմանը:
Չինաստանի Հարավարևմտյան համալսարանի ուսանողուհի Վան Սիջիան 4-ամսյա պրակտիկա է անցնում Մանկավարժական համալսարանում, ուսանողներին և հիմնական դպրոցի աշակերտներին ծանոթացնում չինական լեզվին մշակույթին: Ուսանողուհին վստահեցրել է, որ ինքը նույնպես սիրով և մեծ հետաքրքրությամբ է ուսումնասիրում հայկական մշակույթը, ապացույցը՝ դուդուկով «Դլե յաման»-ի կատարումը:
Կենտրոնի հանդիսավոր բացմանը հյուրերին ողջունել են Մանկավարժական համալսարանի Հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք արտասանել և երգել են չինարենով: