Արմինֆո.Կոմիտասի երաժշտությամբ է սկսվել Նյու Յորքում ՄԱԿ գրասենյակում ցեղասպանությունների կանխարգելմանը եւ կրթությանը նվիրված համաժողովը, որը նախաձեռնել էր Հայաստանի առաքելությունը:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Մհեր Մարգարյանն ընդգծել է, որ 20-րդ դարի սկզբին հայ ազգը Ցեղասպանության սարսափների միջով է անցել, ուստի, Հայաստանն ունի հատուկ պարտավորություն միավորելու ցեղասպանության հանցանքի կանխմանն ուղղված ջանքերը: Նրա խոսքով, ցեղասպանության իրականացմանը նախորդում են իրադարձություններ, որոնք ընթացքում երկրի խոցելի խմբերի իրավունքներն ու հիմնարար ազատությունները ճնշվում են:
Համաժողովը վարող Պատասխանատվության եւ պաշտպանության գլոբալ կենտրոնի տնօրեն Սայմոն Ադամսն անդրադարձել է Հայոց ցեղասպանության օրինակին, հիշեցնելով, որ չորս ամիս անց լրանալու է 105-րդ տարելիցը, երբ «1915-ի ապրիլի 24-ին Օսմանյան Կայսրությունում սկսվեցին հայերի թիրախավորված սպանությունները»:
«Այս գործողությունների արդյունքում ոչնչացվեց ավելի քան մեկ եւ կես միլիոն կյանք: Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Ռուսաստանը 1915-ի մայիսին Օսմանյան Կայսրությանը մեղադրեցին մարդկության դեմ հանցանք գործելու մեջ՝ դա առաջին անգամն էր, որ այդ եզրն օգտագործվեց՝ որպես դաժանությունների ծավալը բնութագրելու փորձ»,- հիշեցրել է Ադամսը:
Գիտնականների և հոգեբանների կարծիքով, ցեղասպանության ժխտումը ոչ միայն անարգանք է ցեղասպանության զոհերի նկատմամբ, այլեւ ճանապարհ է բացում հաջորդ ցեղասպանության համար:
«Երբ իմ ուսանողները կարդում են Ռոն Սունիի ստեղծագործությունները, նրանք իրոք սարսափած են մնում, ցնցված, զարմացած բռնությունների մակարդակով, որոնց միջով անցավ Օսմանյան Կայսրության հայ համայնքը եւ նրանք բացատրություն են պահանջում», - նշել է Նյու Յորքի քոլեջի պատմության դասախոս Էրիք Ուայթը:
Համաժողովին ներկա ՄԱԿ-ում Թուրքիայի առաքելության աշխատակիցն, այս ամենը լսելով, ձայնի իրավունք է խնդրել և հայտարարել, թե Առաջին աշխարհամարտի վերջին տարիները Օսմանյան Կայսրության համար բարդ շրջան էին, որի ընթացքում տառապել են կայսրության բոլոր քաղաքացիները: Թուրքիայի ներկայացուցիչն իր խոսքը եզրափակել է ընդգծելով, որ ՙմիջազգային իրավունքը 1915 թվականի իրադարձությունները չի ճանաչում ցեղասպանություն՚:
Ի պատասխան դրա՝ Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավար Հենրի Թերյելն ընդգծել է, որ այսօր, հաշվի առնելով բոլոր հետազոտությունները, Հայոց ցեղասպանության հերքման նույնիսկ քննարկումն անիմաստ է: «Վերջին 50 տարվա ընթացքում ես չէի լսել Հայոց ցեղասպանության այսպիսի ուղղակի հերքում: Շնորհակալություն այն պատկերավոր կերպով ի ցույց դնելու համար: Սակայն խորհուրդ կտայի թարմացնել ձեր գրականությունը, քանի որ այն շուրջ 30 տարով հնացած է: Ձեր կողմից բերված փաստարկները բազմիցս եւ վաղուց հերքվել են, ուստի կոչ կանեի փոքր-ինչ աշխատանք կատարել, որպեսզի ձեր ասածը բովանդակություն ունենա:
Թույլ տվեք նաեւ ասել, որ Թուրքիայում բազմաթիվ կիրթ և ինտելեկտուալ մարդիկ լիովին ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց, հակառակ ձեր հայտարարությանը, նրանցից շատերն այժմ բանտում են կամ եղել են բանտում այն ճանաչելու համար», - ասել է Ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների միջազգային ընկերակցության ղեկավարը: