Արմինֆո. Ազգային ժողովը դեկտեմբերի 10-ի նիստում վավերացրել է վիզային ռեժիմի վերացման մասին հայ-չինական միջկառավարական համաձայնագիրը։
Ինչպես իր ելույթում նշել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, 2019 թվականի 10 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել Չինաստանի 14500 քաղաքացի, 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին՝ Չինաստանի 8430 քաղաքացի, իսկ Հայաստանից Չինաստան է մեկնել 8450 մարդ: Երկու պետությունների միջեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի վերացումը կհանգեցնի Չինաստանից զբոսաշրջային հոսքի էլ ավելի աճին, կմեծացնի երկու պետությունների գործարարների միջեւ շփումների հնարավորությունները, կակտիվացնի երկկողմ առեւտրատնտեսական կապերը: Եթե 2018 թվականին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 700 մլն դոլար, ապա ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում այն արդեն գերազանցել է 800 մլն դոլարը։ Ինչպես նշել է արտգործնախարարի տեղակալը, եթե վիզային սահմանափակումների առկայության դեպքում զբոսաշրջային հոսքն աճում է ակտիվ տեմպերով, ապա դրանց վերացման դեպքում կարելի է ակնկալել իսկական բում:
Համաձայնագիրը, ինչպես հիշեցրել է փոխնախարարը, ստորագրվել է ս. թ. մայիսի 26 - ին: Փաստաթղթի նպատակն է խթանել Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև դյուրացնել երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունները: Համաձայնագիրը նախատեսում է, որ երկիր մուտք գործելիս կամ տարանցման ժամանակ սովորական անձնագրեր ունեցող քաղաքացիները կազատվեն վիզա ստանալու անհրաժեշտությունից մինչեւ կես տարվա ընթացքում մինչեւ 90 օր երկրում գտնվելու ժամանակ: Եթե երկու երկրների քաղաքացիները ծրագրում են մնալ ուսման կամ աշխատանքի համար, ապա պետք է դիմեն վիզա ստանալու համար։ Նա նաեւ հայտնել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ավարտել է համաձայնագրի վավերացման բոլոր ներպետական ընթացակարգերը:
Ավելի վաղ ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը հայտնել էր, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում կազմել է 650 մլն դոլար' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 50 տոկոսով:
Նոյեմբերի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն, իր հերթին, նշել էր, որ 2019 թվականին Չինաստանից Հայաստան զբոսաշրջային հոսքը աճել է 42,1 տոկոսով: Նախարարը համոզմունք էր հայտնել, որ զբոսաշրջության աճի տեմպերը կշարունակվեն նաև 2020 թվականին: Ոլորտի զարգացման համար հաջորդ տարի պետական բյուջեից կհատկացվի 6.3 մլրդ դրամ։