Արմինֆո. ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի հասցեին սպառնալիքների համար ձերբակալվել է Գյումրիի "Շեկո" մականունով բնակիչ:
Ինչպես "Ֆեյսբուքի" իր էջում գրել է ՀՀ ոստիկանությանհասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի' Գյումրիում երկու հոգի խփել են իր ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու։ "Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։ "Շեկո" մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։ Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են", - հաղորդել է Է.Ջանոյանը