Արմինֆո.Ռուսական ORSIS ("Պրոմտեխնոլոգիա") զինագործական ընկերությունը դատարանի որոշմամբ հանվել է Հայաստանի մատակարարների սեւ ցուցակից: Այդ մասին հայտնում է "ՌԻԱ Նովոստի"-ն՝ վկայակոչելով Հայաստանում ձեռնարկության շահերը ներկայացնող փաստաբանների հայկական կոլեգիայի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանին։ Նրա հավաստմամբ, ORSIS-ը կրկին իրավունք ունի մասնակցել մրցույթներին եւ մատակարարումներ կատարել Հայաստանի ուժային գերատեսչությունների համար:
Աղբյուրը հիշեցնում է, որ ORSIS-ն ընդգրկվել էր Հայաստանի զինված ուժերին եւ երկրի այլ ուժային կառույցներին զենք մատակարարողների սեւ ցուցակում մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկա մատակարարելու մրցույթի ձախողումից անմիջապես հետո, որին մասնակցել էր ընկերությունը: Ավելի ուշ Ռուսաստանի առևտրի նախարարությունը նամակ էր հղել Հայկական ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր որպես "չմոտիվացված":
Մրցույթի ձախողման փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի ("անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ") հատկանիշներով, որը ներկայումս քննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից:
Հատկանշական է, որ ՀՀ ՊՆ-ում հաստատել են պայմանագրի խզման փաստը, սակայն ընկերությանը մեղադրել են մրցույթում ներկայացվող արտադրանքի կեղծման համար։