Արմինֆո.Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը չգիտի, թե ինչ վարձատրություն կստանա սերբ հայտնի երաժիշտ Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում ելույթ ունենալու համար: <Տեղեկացված չեմ, քանի որ կա ընկերություն, որ կազմակերպում է համերգը, և չգիտեմ, թե որքան է հատկացվելու ելույթի և որքան ՝ մնացած ծառայությունների համար>, - հայտարարել է նա դեկտեմբերի 6-ին ՝ պատասխանելով Երևանի ավագանու <Բարգավաճ Հայաստան> խմբակցության անդամի հարցին:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր հերթին հստակ պատասխան ստանալու համար առաջարկել է գրավոր դիմել քաղաքապետարան։ <Պատասխանը կստացվի, եթե դրա համար որեւէ իրավական խոչընդոտ գոյություն չունի>, - պարզաբանել է նա:
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ սկսած դեկտեմբերի 20-ից՝ երկրի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունից, 16 օր շարունակ միջոցառումների շարք է նախատեսվում մայրաքաղաքում. մասնավորապես, Հանրապետության հրապարակի շատրվանների տարածքում կառուցվելու է հեքիաթային քաղաք,Երեւանի 2750-ամյակի պուրակում գործելու է Սուրբծննդյան տոնավաճառ (Christmas Market),Հրապարակում տեղադրվելու է վերգետնյա անցում՝ կամրջակներով, որոնք միացնելու են հրապարակի եզրային «ափերը» կենտրոնական օղակի եւ այնտեղ տեղադրված գլխավոր տոնածառի հետ, Հյուսիսային պողոտայում տեղադրվելու է կրեատիվ տոնածառերի ցուցադրություն եւ այլն: Իսկ գլխավոր իրադարձությունը կլինի Նոր տարվա գիշերվա ընթացքում. Հանրապետության հրապարակում ելույթ կունենա աշխարհահռչակ Գորան Բրեգովիչը՝ իր նվագախմբով: Հավելենք, որ կառավարության որոշմամբ <Նոր տարի 2020> միջոցառումների իրականացման համար հատկացվել է 271 մլն 797 հազար դրամ: