Արմինֆո.Չեխական <Արնիկա> քիմիական անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպությունը Լոռու մարզում մկնդեղի բարձր կոնցենտրացիաներ է հայտնաբերել շրջակա միջավայրում և հավկիթներում:
Ինչպես դեկտեմբերի 6-ին Երեւանում նշել է <Արնիկա> ընկերության գործադիր տնօրեն Յինդրժիխ Պետրլիխը, Չեխիայի ԱԳՆ աջակցությամբ իրականացվող թունավոր նյութերի և թափոնների ծրագրի շրջանակներում Ալավերդի եւ Ախթալա համայնքներում անալիզի համար վերցվել են հողի, բանջարեղենի, մրգերի և հավկիթի նմուշներ: Բացի այդ, կատարվել է տեղի բնակիչների մազերում ծանր մետաղների պարունակության հետազոտություն:
Պրահայի լաբորատորիաներում անցկացված հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել է ծանր մետաղների բարձր մակարդակ գյուղական տնտեսություններից վերցված հողի բոլոր նմուշներում։ Ընդգծվել է, որ այս գործոնը լուրջ վտանգ է ներկայացնում տեղի բնակչության առողջության համար ։
Փորձագետի խոսքով՜ հողի մեջ, մասնավորապես, հայտնաբերվել է մկնդեղի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցում: Բացի այդ, ուսումնասիրված մազերի նմուշներում հայտնաբերվել է նիկելի բարձր մակարդակ:
<Արդեն երկրորդ տարին անընդմեջ մենք հայտնաբերում ենք դիօքսինների (շրջակա միջավայրի կայուն աղտոտիչների) շատ բարձր մակարդակ հավկիթներում: Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն չի աշխատում, բայց դիօքսինները կուտակվել են շրջակա միջավայրում>,- նշել է Պետրլիխը։ <Մենք խորհուրդ չէինք տա նորից բացել Ալավերդու պղնձաձուլական գործարանը, կամ, եթե դա անխուսափելի է, այնտեղ պետք է նոր տեխնոլոգիաներ ներդրվեն։ Ինչ վերաբերում է պոչամբարին, ապա ցանկալի կլիներ ռեկուլտիվացիոն աշխատանքներ իրականացնել, քանի որ այն ծանր մետաղների աղբյուր է>, - հավելել է նա: Հայաստանում Չեխիայի փոխդեսպան Յան Պլեշինգերն իր հերթին նշել է, որ Ալավերդիում շրջակա միջավայրի աղտոտման մակարդակը լուրջ խնդիր է: Մինչդեռ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվող Լոռու մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և դրան պետք է ուշադրություն դարձնել ։ Կարեւորվել է տեղի բնակչության համար շրջակա միջավայրի առողջ պայմանների ստեղծումը եւ նոր աշխատատեղերի բացումը, ինչը թույլ կտա բարձրացնել կյանքի որակը եւ ներգրավել զբոսաշրջիկներին: Այդ առնչությամբ նա դրական է գնահատել Ալավերդիում իրականացվող ներդրումները ՝ հույս հայտնելով, որ դա կօգնի ստեղծված իրավիճակը դեպի լավը փոխել ։ Հայաստանի Լոռու մարզում թունավոր նյութերի եւ թափոնների նախագիծն իրականացվել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Transition ծրագրի աջակցությամբ: Նախագծի իրականացմանը աջակցել են <ԷկոԼուր> և CCMS (Centre for Community Mobilisation and Support) ՀԿ-ները: