Արմինֆո. Թեղուտի պոչամբարի ամբարտակի կայունության հետազոտության արդյունքները հայտնի կդառնան 2020 թվականին: Այս մասին դեկտեմբերի 4-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավիյանը ՝ ներկայացնելով կառավարության պատասխանը "Լուսավոր Հայաստան" խմբակցության հարցմանը։
Նա հիշեցրել է, որ "Թեղուտ" ՓԲԸ-ին առաջարկվել է նոր ուսումնասիրություններ կատարել պոչամբարի ամբարտակի կայունության վերաբերյալ, եւ այս պահին այդ աշխատանքներն իրականացվում են բուլղարական ընկերության կողմից: "Աշխատանքները մեկնարկել են սեպտեմբերին, և արդյունքների ամփոփման համար կպահանջվի 6-7 ամիս", - տեղեկացրեց Ավինյանը:
Նրա խոսքով՝ համապատասխան կառույցները նախկինում ուսումնասիրել են պոչամբարի վիճակը, եւ պատնեշի վերաբերյալ որեւէ վտանգ ներկայացնող եզրակացություններ չեն եղել: Փոխվարչապետը տեղեկացրել է նաեւ, որ հաջորդ տարի Թեղուտի հանքավայրում տեսչական մարմնի կողմից ստուգումներ կիրականացվեն:
Հիշեցնենք, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը Հայաստանի կառավարության կողմից հավանության էր արժանացել 2007թ.նոյեմբերին: Թեղուտի հանքավայրը Հանրապետությունում երկրորդն է Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրից հետո։Դեռևս 1972 թվականին այստեղ իրականացվել են երկրաբանահետախուզական լայնածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում հաստատվել են 450 մլն տոննա հանքաքարի պաշարներ ՝ 1,6 մլն տոննա պղինձ և 99 հազար տոննա մոլիբդեն պարունակությամբ։ Նախագիծը բնապահպանական խնդիրների պատճառով 2018 թվականի փետրվարին դադարեցվել է, ինչը բացասական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսության վրա:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, բուլղարական ընկերությունը "Թեղուտ" ՓԲԸ-ի նախաձեռնությամբ իրականացնում է պոչամբարի եւ ամբարտակի կայունության ինժեներաերկրաբանական եւ հիդրոերկրաբանական հետազոտություն:
Մինչդեռ Թեղուտի հանքավայրի պոչամբարի ամբարտակի վիճակը մանրակրկիտ ուսումնասիրվել է դեռևս 2017 թվականին, և այն ժամանակ օտարերկրյա փորձագետները հանգել են միանշանակ եզրակացության, որ այն գործում է լուրջ թերություններով: Պատնեշ ներսից աստիճանաբար ողողվում է եւ կարող է ճեղքվել: Ըստ էության, այդ փորձագիտական գնահատականները ընկած էին արեւմտյան վարկատուներից մեկի կողմից Թեղուտի նախագծի ֆինանսավորման դադարեցման հիմքում, ինչի պատճառով հանքի աշխատանքը հարկադրված Էին դադարեցնել 2018 թվականին: